Սեւանում մոտ 3800 ապօրինի շինություններ ենթակա են ապամոնտաժման. նախարարություն
Սեւանի ափամերձ գոտում ապամոնտաժման ենթակա են մոտ 3800 ապօրինի շինություններ։ Այդ մասին ասվում է Շրջակա միջավայրի նախարարության տարածած հաղորդագրությունում։
Օգոստոսի 8-ին նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով մեկկնել էր Գեղարքունիքի մարզ: Նախարարին զեկուցվել է, որ "Սևան" ազգային պարկի տարածքում, ինչպես նաև լճի բազմաթիվ հատվածներում առկա է հողերի ապօրինի զավթման և ինքնակամ կառուցապատման շուրջ 130 դեպք: Արձանագրվել է նաև առանց պետական գրանցման վարձակալական գործունեության 150 դեպք։ Բացահայտվել են տասնյակ տարիներ վարձակալության և կառուցապատման իրավունքով գործող շուրջ 1000 տնտեսվարող սուբյեկտներ, որոնց գործունեության իրավաչափությունը դեռ պետք է ուսումնասիրվի ։
Ընդհանուր առմամբ Սեւանի ափամերձ գոտում ապամոնտաժման ենթակա են մոտ 3800 ապօրինի շինություններ ։ Կարճաժամկետ հեռանկարում առաջնային խնդիրը բացառիկ պետական սեփականություն հանդիսացող տարածքների ազատումն է ապօրինի տաղավարներից, ինքնակամ կառուցված շենքերից ու պատերից:
Նախարարը ծանոթացել է նաև Սևանա լճի հարավ-արևելյան ափին ջրածածկված անտառային տարածքների մաքրման աշխատանքներին: Այս տարի նախատեսվում է մաքրել մոտ 270 հա ափամերձ անտառաշերտ, այս պահին ամբողջությամբ մաքրվել է մոտ 50 հա ։