Սևանա լճի ափամերձ հատվածներում ծառերից, արմատներից և թփերից մաքրվել է 12 հեկտար տարածք
Սևանա լճի ափամերձ հատվածներում այս տարի անտառային տարածքների մաքրման աշխատանքները մեկնարկել են մայիսի կեսերից` «Սևան ազգային պարկ»-ի Դրախտիկի տեղամասում։
Ինչպես տեղեկացրեց «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանը, անցած մեկուկես ամսվա ընթացքում արդեն Դրախտիկի տեղամասում ծառերից, թփերից, արմատներից ու բուսական այլ համակեցություններից մաքրվել է շուրջ 12 հեկտար անտառային տարածք։ Մաքրման աշխատանքներն իրականացվում են ծովի մակերևույթից 1901,5 մետր բարձրության գոտում։ Մաքրման աշխատանքներում ներգրավվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող 4 միավոր տեխնիկա։
«Այս տարի ծրագրված է Սևանի ափամերձ գոտիներում մաքրել 47 հեկտար անտառային տարածք Դրախտիկի և Արտանիշի տեղամասերում, որից 12 հեկտարն արդեն մաքրված ու նախապատրաստված է ջրածածկմանը։ Մնացած 35 հեկտարը, կարծում եմ, կհասցնենք մաքրել առաջիկա ամիսների ընթացքում, սեփական ուժերով ու միջոցներով»,-ներկայացրեց Կարեն Մնացականյանը։