երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Սահմանվեց «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակի ձեւը. Այն կտեղադրվի լցակայաններում

Սահմանվեց «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակի ձեւը. Այն կտեղադրվի լցակայաններում

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 30-ի նիստում սահմանեց «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակի ձևը, տեղադրման և ապամոնտաժման կարգը և QR (արագ արձագանքման) կոդին ներկայացվող պահանջները և դրանց միջոցով արտացոլվող տեղեկատվության ձևը:

Որոշման հիմնվորման մեջ նշվում է. «Սպառողների իրավունքների պաշտպանությունը չի կատարվում անհրաժեշտ մակարդակով, քանի որ սպառողները հեղուկ գազի, բենզինի, բնական գազի եւ դիզվառելիքի լցակայաններից օգտվելիս չունեն հանրային վերահսկողություն իրականացնելու գործիքակազմ եւ լցակայանների՝ նախկինում իրականացրած գործունեության վերաբերյալ տեղեկանալու հնարավորություն:

Համապատասխան օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում թերլիցքավորում հայտնաբերելուց և տվյալ խախտման համար օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվություն կիրառելուց հետո վարչական ակտն անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում լիցքավորման բաշխիչ աշտարակների կամ վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա՝ ընթեռնելի և տեղադրված վարորդին տեսանելի հատվածում, չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը մեկ ամիս ժամկետով փակցնում է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակ:

Բացի այդ, Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ տնտեսավարող սուբյեկտները (ըստ հասցեների) պարտավոր են ունենալ չափագիտության բնագավառում իրենց մոտ իրականացված նախորդ ստուգումների ժամկետների, արդյունքների մասին տեղեկատվություն պարունակող QR (արագ արձագանքման) կոդ:

Նախագծի ընդունումը թույլ կտա սպառողներին լցակայանից օգտվելիս QR կոդի միջոցով մուտք գործել համակարգ եւ ծանոթանալ տվյալ լցակայանի ընդհանուր գործունեությանը: Միաժամանակ, սպառողները հեղուկ գազի, բենզինի, բնական գազի եւ դիզվառելիքի լցակայաններից օգտվելիս կունենան հանրային վերահսկողություն իրականացնելու գործիքակազմ եւ լցակայանների՝ նախկինում իրականացրած գործունեության վերաբերյալ տեղեկանալու հնարավորություն:

  • Կիսվել: