հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ՌԴ–ից նամակն ընդունել ենք ի գիտություն․ ՏԿԵ նախարարը պնդում է՝ բովանդակությունը սուր չէ

ՌԴ–ից նամակն ընդունել ենք ի գիտություն․ ՏԿԵ նախարարը պնդում է՝ բովանդակությունը սուր չէ

 ՌԴ-ից ստացված նամակը՝ գազի գնի հնարավոր փոփոխության վերաբերյալ, հայկական կողմն ընդունում է ի գիտություն։ Տավուշում news.am-ի հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նրա խոսքով՝ ռուսական կողմի հետ բնականոն աշխատանքային հարաբերություններ են։
 
«Ստացված գրության բովանդակությունն այնքան էլ այնպիսին չէ, ինչպես ներկայացվում է մամուլում, շատ ավելի սուր է ներկայացվում, կարծում եմ՝ նաև ընդդիմադիր շրջանակների կողմից ուղղորդված, որովհետև կարծում են՝ այդկերպ կարող են քարոզարշավում և ընտրությունների պրոցեսում հաջողություն ապահովել»,- նշեց Խուդաթյանը։
Բայց թե ինչպիսին է գրության բովանդակությունը, Խուդաթյանը չցանկացավ մեկնաբանել՝ դա իր կողմից ոչ կոռեկտ համարելով, քանի որ նամակը հասցեագրված է ԱԳՆ–ին, ոչ թե ՏԿԵՆ–ին։
Նա նաև ընդգծեց, որ գազի բնականոն մատակարարումները շարունակվում են, մշտական կապ է պահվում ռուս գործընկերների, այդ թվում՝ «Գազպրոմի» հետ։
 
Ինչ վերաբերում է գազի գնի հնարավոր թանկացմանը, Խուդաթյանը նշեց՝ այս պահին չէր ցանկանա հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնել, քանի որ, ըստ նրա, աշխատանքային հարաբերությունները բնականոն ընթանում են։
Հիշեցնենք, որ 2026 թվականի մայիսի 27-ին Մոսկվան Երևանին նամակ է ուղղել, որով տեղեկացվում է, որ ՀՀ–ի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի շարունակման դեպքում ռուսական կողմը միակողմանիորեն կկասեցնի կամ կչեղարկի բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը։

  • Կիսվել: