հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Քննարկվել են Գառնիի, Հին Խնձորեսկի, Զորաց քարեր հուշարձանի մերձակա տարածքում զբոսաշրջային գոտու ձևավորման հարցերը

Քննարկվել են Գառնիի, Հին Խնձորեսկի, Զորաց քարեր հուշարձանի մերձակա տարածքում զբոսաշրջային գոտու ձևավորման հարցերը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացել է խորհրդակցություն Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի վերաբերյալ: Այս մասին հայտնում են Տիգրան Ավինյանի գրասենյակից։

Խորհրդակցության ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի  կողմից ներկայացվել է Ծրագրի իրականացման ընթացքը:

Քննարկվել են Գառնիի զբոսաշրջային գոտու, Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինի թանգարանացման և հարակից տարածքների բարեկարգման, Հին Խնձորեսկի, Զորաց քարեր հուշարձանի մերձակա տարածքում զբոսաշրջային գոտու ձևավորման, Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմաճարտարապետական միջավայրի վերականգնման և Վարարակ գետի աջափնյա հատվածի բարեկարգման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների շրջանակը:

Մտքերի փոխանակության արդյունքում փոխվարչապետի կողմից հանձնարարություն է տրվել գերատեսչությունների ղեկավարներին՝ հնարավորինս սեղմ ժամկետներում ներկայացնել առաջարկներ քննարկված նախագծերը համալրելու և ամբողջական զբոսաշրջային արդյունք ձևավորելու նպատակով, ինչպես նաև նոր նախագծեր՝ համատեղ քննարկելու համար:  

 

  • Կիսվել: