չորեքշաբթի, սեպտեմբեր 23
23 / 9 / 2026
Քննարկվել են առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկները

Քննարկվել են առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկները

ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ սեպտեմբերի 23-ին կայացել է ենթախորհրդի հերթական նիստը։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Նիստի սկզբում ներկայացվել է նախկինում քննարկված հարցերի կատարման ընթացքը։

Այնուհետև քննարկվել են առևտրային ցանցերի կողմից մատակարարներին վճարումների ուշացումները կանխելուն ուղղված երկու առաջարկ՝ վճարման ժամկետների պահպանման վերաբերյալ պարբերական հաշվետվողականության համակարգի ներդրումը և պատասխանատվության համար հիմք հանդիսացող կետանցի ժամկետային ու գումարային շեմերի վերանայումը։

Նիստի ընթացքում Էկոնոմիկայի նախարարության կողմից ենթախորհրդի անդամների քննարկմանը ներկայացվել են նաև տեղական արտադրանքի սպառման և առաջխաղացման հնարավորությունների ընդլայնմանն ուղղված առաջարկներ։ Վերջիններիս նպատակն է աջակցել տեղական ՓՄՁ-ներին խոշոր առևտրային ցանցեր մուտք գործելու հարցում, մեծացնել հայրենական արտադրանքի տեսանելիությունն ու նպաստել դրա նկատմամբ երկարաժամկետ պահանջարկի ամրապնդմանը։

Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ զարգացման խորհրդին մասնագիտական աջակցություն է տրամադրում ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության Լավ կառավարման հիմնադրամի աջակցությամբ։

  • Կիսվել: