շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Քաղաքատեղի «Արտաշատ» հուշարձանի տարածքից օտարված հողամասերի նկատմամբ ճանաչեց հանրության գերակա շահ

Քաղաքատեղի «Արտաշատ» հուշարձանի տարածքից օտարված հողամասերի նկատմամբ ճանաչեց հանրության գերակա շահ

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 1-ի նիստում Արարատի մարզի Վեդի համայնքի Լուսառատ բնակավայրի «Քաղաքատեղի «Արտաշատ» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի տարածքից օտարված հողամասերի նկատմամբ ճանաչեց հանրության գերակա շահ:

Որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է հուշարձանի տարածքն ամբողջացնելու, պատմական մայրաքաղաքի կենտրոնական թաղամասերի ուսումնասիրությունն ու պահպանությունն ապահովելու, հնագիտական պեղումները կազմակերպելու, հուշարձանների առկայությունը հստակեցնելու, հայտնաբերվելիք և օտարված հողամասի սահմաններում գտնվող հուշարձանապատկան 10-րդ բլուրի վրա պահպանված կառույցների մնացորդների ամրակայման և վերականգնման, հուշարձանի օգտագործման նպատակով ներդրումային ծրագրերի իրականացման, պատմամշակութային արգելոց ստեղծելու, ինչպես նաև հուշարձանի հատուկ պահպանվող տարածքների պատմական և մշակութային գործառնական նշանակությամբ 6,0 հեկտար հողի կատեգորիայի վերականգնման անհրաժեշտությամբ: 

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ  Հայաստանի պատմական Արտաշատ մայրաքաղաքը հիմնադրել է Արտաշեսյան  հարստության Արտաշես Ա Բարեգործ արքան մ.թ.ա. 185 թվականին։ Այն շուրջ 600 տարի հանդիսացել է Հայաստանի մայրաքաղաքը և Առաջավոր Ասիայի խոշոր քաղաքներից մեկը։ 1970-ական թվականներին պատմական մայրաքաղաքի տարածքում պատմական գիտությունների դոկտոր Բաբկեն Առաքելյանի ղեկավարած հնագիտական արշավախմբի սկսած ուսումնասիրությունների և պեղումների արդունքներով ճշտվել են բուն քաղաքատեղիի պարսպապատերի ուղղությունները և սահմանները։

ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ հուշարձանի կենտրոնական թաղամասերից մեկի՝ Խոր Վիրապ վանական համալիրի զբաղեցրած բլուրի ստորոտում մայրաքաղաքի հատուկ պահպանվող տարածքներից 6,0 հեկտար  հողամաս օտարվել է մեկ քաղաքացու՝ քաղաքաշինական գործունեություն ծավալելու նպատակով։

Փաստորեն,  «Քաղաքատեղի «Արտաշատ»  պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի տարածքի կենտրոնական թաղամասից կատարված հողերի կատեգորիաների փոփոխության և հողհատկացման հետևանքով վտանգվել է հուշարձանապատկան մի ողջ հատվածի պահպանությունը, իսկ հուշարձանի տարածքից կատարված սեփականաշնորհման արդյունքում խախտվել է հուշարձանի ամբողջականությունը և հնարավոր չի եղել  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ծրագրված «Արտաշատ» մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցի տարածքի սահմանների հստակեցումը։ Մինչդեռ այս գործընթացը դեռևս 2010 թվականից նախաձեռնել էր նախկին մշակույթի նախարարությունը՝ հուշարձանի պահպանության և թանգարանացման գործընթացներն ապահովելու, հուշարձանը գիտաճանաչողական և զբոսաշրջային նպատակներով օգտագործելու նպատակով։

2023 թվականի մարտի 30-ի ՀՀ կառավարության N 418-Ն որոշուման մեջ հաշվի չեն առնվել և չեն ընդգրկվել հատուկ պահպանվող պետական տարածքների հողեր, սակայն դրանք հանդիսանում են «Արտաշատ» մայրաքաղաքի միջնաբերդի տարածք, որտեղ պեղումների արդյունքում հայտնաբերվել են պալատական և զորանոցային համալիրները, արհեստագործական, պաշտպանական և ծիսական կառույցները, բնակելի թաղամասը, ինչպես նաև բանտը (Խոր Վիրապի տարածք) և 6 հեկտար օտարված հողակտորը հենց այդ տարածքի մաս է կազմում:

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի տարածքի ամբողջացման արդյունքում կապահովվի պահպանությանն ուղղված միջոցառումների իրականացումը և «Արտաշատ» մայրաքաղաք»  պատմամշակութային արգելոցի տարածքի սահմաններում  կընդգրկվի հատուկ պահպանության ենթակա քաղաքացուն և իրավաբանական անձին օտարված, գերակա շահ ճանաչելու ենթակա  6 հա հողակտորը, որի այլ նպատակներով օգտագործումը հնարավոր չէ:

Հանրության գերակա շահ ճանաչելու գործընթացը ավարտելուց հետո ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կնախաձեռնի նոր գործընթաց՝ «Արտաշատ» մայրաքաղաք»  պատմամշակութային արգելոցի տարածքի ամբողջականացման ուղղությամբ:

  • Կիսվել: