կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ Դեղձուտում կառուցված դպրոցը պաշտոնապես հանձնվեց շահագործման

Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ Դեղձուտում կառուցված դպրոցը պաշտոնապես հանձնվեց շահագործման

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի հրավերով այսօր ներկա է գտնվել Դեղձուտ համայնքում կոմիտեի պատվիրատվությամբ կառուցված դպրոցի բացման և Սեպտեմբերի 1-ին նվիրված արարողությանը: Տոնական միջոցառմանը մասնակցել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Դեղձուտ համայնքի ղեկավար Յուրիկ Մուրադյանը, Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանը և պաշտոնատար այլ անձինք:

Շնորհավորելով Գիտելիքի և դպրության օրվա առթիվ՝ Արմեն Ղուլարյանն ընդգծել է, որ այս Սեպտեմբերի 1-ը հիշարժան է ինչպես աշակերտների, այնպես էլ Քաղաքաշինության կոմիտեի համար. «Այսօր մենք տեսնում ենք մեր և նախագծողների, շինարարների թիմերի համատեղ ջանքերի արդյունքը, որը ծառայելու է Դեղձուտի բնակիչներին: Կոմիտեն հարյուրավոր մոդուլային դպրոցներ է կառուցում ողջ հանրապետությունում: Ինչպես աշակերտները երդվեցին սովորել լավ, նվիրված լինել դպրոցին, մենք էլ շինարարների հետ միասին խոստանում ենք կառուցել որակյալ, հարմարավետ, ժամանակի պահանջներին համապատասխանող դպրոցներ՝ իրագործելով ՀՀ կառավարության առաջնահերթ ծրագրերը»:

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, շնորհավորելով ներկաներին, նշել է, որ նախկին վթարային վիճակում գտնվող կառույցի փոխարեն համայնքն այժմ ունի մեծ, լուսավոր ու բարեկարգ ուսումնական հաստատություն։ Նա հորդորել է հոգատարությամբ օգտագործել դպրոցի նոր շենքը, որպեսզի այն երկար տարիներ ծառայի բնակիչներին:

Առաջին դասարանցիները կտրել են կարմիր ժապավենը՝ ազդարարելով նորակառույց դպրոցում ուսումնական տարվա սկիզբը: Հյուրերը շրջել են դպրոցում, դիտարկել կատարված աշխատանքները։

Դեղձուտի նոր դպրոցը Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ կառուցվել է ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» միջոցառման շրջանակում։ 

144 տեղ հզորությամբ մոդուլային (տիպային) դպրոցի կառուցման ծրագիրը մեկնարկել էր 2020թ.: Այս տարվա հուլիսին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցից կարճ ժամանակ անց, վարչապետի հանձնարարականի համաձայն, շտկվել են շինարարների թույլտված մի քանի թերությունները, կատարվել բարելավումներ: Բացի այդ, գործում է երաշխիքային սպասարկում, որի ընթացքում շինարարական ընկերությունն իրականացնելու է մշտադիտարկում և թերությունների առաջացման դեպքում իր հաշվին վերացնելու է սեղմ ժամկետում:

Նորակառույց դպրոցը համայնքին է հանձնվել ամբողջությամբ կահավորված և բարեկարգված տարածքով: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կառույցի սեյսմիկ անվտանգությանը, ամրությանը, ապաստարանի առկայությանը, էներգախնայողությանը, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիությանը, անվտանգ և բարեկարգ միջավայրի ստեղծմանը: Դպրոցը հարմարավետ դասասենյակներից բացի համալրված է գրադարանով, մարզադահլիճով, հանդիսությունների սրահով, խաղահրապարակով, արևային կայաններով:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը դպրոցի գրադարանին փոխանցել է ավելի քան 120 գիրք, որոնք նվիրաբերել են կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը:

  • Կիսվել: