երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քաղաքաշինության բնագավառի մասնագետների հավաստագրումը սկսված է

Քաղաքաշինության բնագավառի մասնագետների հավաստագրումը սկսված է

Քաղաքաշինության բնագավառի մասնագետները մինչև 2024 թ․ սեպտեմբերի 17-ը պետք է դիմեն հավաստագրման համար։ Ինչպես տեղեկանում ենք Քաղաքաշինության կոմիտեի տարածած հաղորդագրությունից, հավաստագիր ստանալու հայտն անհրաժեշտ է ներկայացնել urban.e-gov.am էլեկտրոնային հարթակի «Առցանց դիմումներ» բաժնից։

Համակարգ հնարավոր է մուտք գործել նույնականացման քարտի (ID) կամ բջջային նույնականացման քարտի (Mobile ID) օգնությամբ՝ վերջինս ձեռք բերելով սպասարկող բջջային օպերատորից։

Մասնագետները, ըստ աշխատանքային փորձի, կատարված աշխատանքների ծավալի և բարդության, ստանում են համապատասխան՝ 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի հավաստագիր՝ կախված քաղաքաշինական օբյեկտների և աշխատանքների ռիսկայնության աստիճանից:

Հավաստագրման համար պետք է ներկայացնել տվյալ մասնագիտությամբ հայտատուի փորձը հավաստող փաստաթղթեր՝ համակարգ ներբեռնելով կատարված առնվազն 1 աշխատանքի կամ ծառայության վերաբերյալ ընդունող հանձնաժողովի արձանագրության կամ ավարտական ակտի կամ ծածկված աշխատանքների ակտերի կամ կատարողական ակտերի և իրավահաստատող այլ փաստաթղթերի բնօրինակների սքանավորված տարբերակները: Կոմիտեից հստակեցնում են, որ գործունեության տեսակին, ենթատեսակին և կարգին համապատասխան մասնագիտությունները ներկայացված են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի դեկտեմբերի 6-ի N 15-Ն հրամանի N 2 հավելվածի 5-րդ կետի աղյուսակում: Եթե փաստաթղթերում մասնագետի ներգրավվածության վերաբերյալ տվյալներ չկան, պետք է կցել նաև գործատուի տրամադրած տեղեկանքն առ այն, որ հայտատուն ներգրավված է եղել ներկայացված շինաշխատանքներում և հանդիսացել պատասխանատու մասնագետ։

Անհրաժեշտ է կցել նաև աղյուսակում նշված մասնագիտությամբ առնվազն բակալավրի կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճանը հավաստող փաստաթուղթ։

Նշվում է, որ կրթությունից և աշխատանքային գործունեությունից կախված՝ մասնագետը կարող է ստանալ հավաստագիր քաղաքաշինական գործունեության 1-ից ավելի ոլորտներում՝ յուրաքանչյուրի դեպքում ներկայացնելով առանձին հայտ։

Կազմակերպության լիցենզիայի ներդիրում ամրագրված մասնագետից բացի, ընկերության մյուս մասնագետների հավաստագրումը պարտադիր չէ: Այդուհանդերձ, ցանկության դեպքում դիմելիս նրանք պետք է կցեն բակալավրի կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճան ձեռք բերած լինելու դեպքում՝ 5 տարվա ընթացքում կատարված աշխատանքները, իսկ մագիստրոսի որակավորման աստիճան կամ ԽՍՀՄ տարիներին ստացած որակավորման աստիճան կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճան ձեռք բերած լինելու դեպքում՝ առնվազն 3 տարվա ընթացքում կատարված աշխատանքները (մեկական օրինակ՝ յուրաքանչյուր կազմակերպությունում կատարած աշխատանքից)։

  • Կիսվել: