«Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի՝ Ռուսաստան արտադրանք արտահանելու լիցենզիան կարող է չեղարկվել
Ռոսալկոգոլտոբակկոնտրոլը՝ ալկոհոլի և ծխախոտի շուկաների վերահսկման դաշնային ծառայությունը, չնախատեսված ստուգում է իրականացրել Ռուսաստանի Դաշնություն ներմուծված կոնյակի նմուշների նկատմամբ:
Գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ–ի արտադրանքի մասին ասված է. «Հավատարմագրված լաբորատորիայի իրականացրած փորձաքննության արդյունքում հայտնաբերվել է արտադրանքի անհամապատասխանություն ԳՕՍՏ-ի պահանջներին. հայտնաբերվել են ոչ խաղողի ծագման սպիրտներ, ինչպես նաև արտադրանքի բաղադրության անհամապատասխանություն հայտագրված անվանմանը (չի համապատասխանում «կոնյակ» եզրույթին)»:
Նշվում է, որ ծառայությունը ստուգումից հետո դատարան է դիմել գործարանի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու և չեղարկելու համար։
Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ գործը քննվում է արբիտրաժային դատարանում։
Ռոսալկոգոլտոբակկոնտրոլն ընդգծել է, որ խաղողագործության և գինեգործության մասին օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ գինեգործական արտադրանքի շրջանառությունը հիմք է դատական կարգով լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու համար:


