հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Պետությունը շարունակում է աջակցել խնամատար ընտանիքներին․ 115 ընտանիքում խնամվում է 271 երեխա

Պետությունը շարունակում է աջակցել խնամատար ընտանիքներին․ 115 ընտանիքում խնամվում է 271 երեխա

Պետությունը շարունակում է աջակցություն տրամադրել խնամատար ընտանիքներին՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի և դաստիարակության կազմակերպման համար։ Խնամատարությունը երեխայի այլընտրանքային խնամքի տարբերակներից է, որի շնորհիվ երեխան հնարավորություն է ունենում իրացնել ընտանիքում ապրելու իր իրավունքը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
 
Այս պահին 115 խնամատար ընտանիքում խնամք և դաստիարակություն է ստանում 271 երեխա։
 
Խնամատար ծնող կարող են դառնալ այն քաղաքացիները, որոնք մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետությունում, չափահաս են և համապատասխանում են պահանջվող չափանիշներին։
 
Խնամատար ծնող դառնալու դեպքում պետության կողմից տրամադրվում է վարձատրություն՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով, ինչպես նաև ֆինանսական միջոցներ՝ երեխայի խնամքի և դաստիարակության համար։
 
Հաշմանդամություն կամ առողջական խնդիրներ, դաստիարակության դժվարություններ ունեցող, հոգեկան տրավմայի ենթարկված երեխաների խնամելու դեպքում՝ յուրաքանչյուր երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրամադրվում է ամսական վարձատրություն՝ նվազագույն ամսական աշխատավարձի և 30 տոկոս հավելավճարի չափով, ինչպես նաև երեխայի խնամքի և դաստիարակության համար նախատեսված ֆինանսական միջոցներ։
 
Խնամատար ծնողի և հոգեզավակի տարիքային տարբերությունը պետք է լինի 18 տարուց ոչ պակաս և 50 տարուց ոչ ավելի, իսկ երեխային խնամատարության հանձնելու պահին խնամատար ծնողի տարիքը չի կարող գերազանցել 65 տարին։
 
Խնամատար ծնող հաշվառվելու նպատակով անհրաժեշտ է դիմել Ձեր բնակության վայրի մարզպետարան (Երևանում՝ Երևանի քաղաքապետարան)։

  • Կիսվել: