հինգշաբթի, սեպտեմբեր 17
17 / 9 / 2026
Պետք է ՀՀ-ում չսովորող պաշտոնյա չլինի. վարչապետ

Պետք է ՀՀ-ում չսովորող պաշտոնյա չլինի. վարչապետ

Կառավարությունը հավանություն տվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին:

«Կառավարության 2026-2031 թթ. ծրագրով հաստատված է, որ հանրային կառավարման Կառավարության սահմանած հավակնոտ օրակարգը կյանքի կոչելու համար կառավարման արդյունավետության բարձրացումը և ինստիտուտների զարգացումն առանցքային կարևորություն ունեն, և դա պետք է տեղի ունենա արհեստավարժ մարդկանց արդյունավետ աշխատանքի շնորհիվ»,- ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

«Ծրագիրը սահմանել է, որ առաջնահերթ բարեփոխումների թվում կարևորվելու է հանրային իշխանության մարմիններում մարդկային ռեսուրսների կառավարման արմատական բարեփոխումը՝ ստեղծելով բարձր արհեստավարժությամբ և էթիկայով մրցունակ հանրային ծառայություն։

Այս ուղղությամբ զգալի ծավալի աշխատանք տարվել է նաև Կառավարության նախորդ ծրագրային ժամանակահատվածում, սակայն այն արագացավ 2025 թվականի ընթացքում։ Մասնավորապես, 2025 թվականին Կառավարությունը հաստատեց պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման պիլոտային ծրագիր։

Պիլոտային ծրագրով տարվող աշխատանքներն արդեն մեկ տարուց ավելի կիրառություն ունեն, և դրա միջոցով լուծվել են կամ շարունակում են լուծվել հետևյալ խնդիրները.

  • պետական մարմինների կողմից իրականացվող աշխատանքի արդյունավետության բարձրացում.

  • կարևոր ուղղություններով բարձր կատարողական արդյունքների խրախուսում.

  • պետական համակարգում ծառայողների վարձատրության համապատասխանեցում կատարված աշխատանքներին և գրանցված արդյունքներին.

  • պետական համակարգում աշխատանքի գրավչության բարձրացում.

  • պետական ծառայողի շարունակական կրթության կարևորության ընդգծում։

Կառավարության քննարկմանը ներկայացված այս օրենսդրական փաթեթը սկսված բարեփոխումները ամրապնդելու և դրանց ընթացքը խորացնելու նպատակ ունի։

Փաթեթում բերված կարգավորումները կարելի է պայմանականորեն բաժանել երեք մասի.

1. Պիլոտային ծրագրով սահմանված հիմնական կարգավորումների և մեխանիզմների վերահաստատում և ամրացում օրենքով, այդ թվում՝ հանրային ծառայությունը պետք է լինի արհեստավարժ մարդկանց աշխատանքի համար մրցունակ և գրավիչ միջավայր, պետական մարմինների օրակարգում կարևոր անելիքները պետք է հստակորեն սահմանվեն և տարանջատվեն որպես առաջնահերթություն։

Առաջնահերթ անելիքի ուղղությամբ բարձր արդյունքները պետք է լինեն այն հիմքը, որը տարբերակում է լավ կատարված աշխատանքը։ Պետք է սահմանված լինեն դրված խնդիրների ուղղությամբ կատարված աշխատանքի արդյունքները չափելու հստակ մեխանիզմներ, արձանագրված լավ արդյունքները պետք է արժանանան համարժեք վարձատրության, և շարունակական կրթությունը պետք է լինի շարունակաբար փոփոխվող պահանջներին պետական ծառայողի համապատասխանությունն ապահովող հիմնական երաշխիքը։

2. Երկրորդ մասը բարեփոխումների խորացման մասն է։ Առաջնահերթ անելիքները պետք է ավելի ուղղակիորեն կապակցվեն Կառավարության ծրագրով սահմանված առաջնահերթությունների շրջանակին։

Նպատակային արդյունքները սահմանված կլինեն ոչ միայն պետական մարմինների համար՝ ըստ պատասխանատվության ոլորտների, այլ նաև Կառավարության համար՝ որպես ամբողջություն։

Պետք է գնահատվի ոչ միայն պետական մարմնի աշխատանքի ընդհանուր արդյունքը, այլ նաև կառույցի ներսում պաշտոն զբաղեցնողների անհատական աշխատանքը։ Պետք է բարձրացվի կատարած աշխատանքի արդյունքների վերաբերյալ հաշվետվողականությունը, և Կառավարության ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ տարեկան հաշվետվությունները այս խնդրի լուծման ինստիտուցիոնալացումը ձևավորող հիմնական ձևաչափը կլինեն։

3. Երրորդ մասում պետք է առանձնացնել կարգավորումների ընդլայնման շրջանակը։

Եթե պիլոտային ծրագրի ընթացքում հիմնական նշանակությունը տրվել է ղեկավար կազմի դերակատարությանը՝ հաշվի առնելով պատասխանատվության առավել բարձր աստիճանը, ապա այս փաթեթի կարգավորումների շրջանակն ընդլայնվում է, և ավելի մեծ չափով է կիրառվում մասնագիտական պաշտոնների նկատմամբ։

Չնայած կարգավորումները կշարունակեն կենտրոնացած լինել գործադիր իշխանության մարմինների աշխատանքի արդյունքները գնահատելու շուրջ, սակայն նախատեսվում է, որ արձանագրված լավ արդյունքները հիմք կդառնան պետական իշխանության այլ մարմիններին լրացուցիչ վարձատրության միջոցներ հատկացնելու համար։

Դրանք օրենքով ստեղծված մարմիններն են՝ հանձնաժողովները և այլք, ինչպես նաև դատական, օրենսդիր և տեղական ինքնակառավարման մարմինները։

Օրենսդրական փաթեթով կարգավորումներ են նախատեսվել նաև պետական մարմիններում վարձատրության հիմնական պաշտոնային գործակիցները վերանայելու հարցերի վերաբերյալ, որպեսզի դրանք ներդաշնակեցվեն և համապատասխանեցվեն դրված խնդիրների լուծման պահանջներին։

Նախատեսվում է, որ այս օրենսդրական փաթեթը գործողության մեջ կդրվի 2027 թվականի հունվարի 1-ից, և այն իրացնելու համար 2026 թվականի համեմատությամբ պետական բյուջեից տարեկան կհատկացվի 25 մլրդ դրամով ավելի միջոցներ»,- նշեց փոխվարչապետը։

«Սա մեր ամենաբարդ, բայց, մյուս կողմից, ամենակարևոր բարեփոխումներից մեկն է, որովհետև այս բարեփոխումներով մենք ռազմավարական նշանակության խնդիր ենք լուծում, և այդ ռազմավարական նշանակության խնդիրը եթե ձևակերպելու լինենք շատ կարճ, կձևակերպեմ այսպես՝ պետության և պետական համակարգի ուժեղացում, պետության և պետական կարգավիճակի ուժեղացում։

Եվ պիտի շատ ուղիղ ասեմ, որ 2018 թվականից այսպես կոչված պարգևավճարները այն թեման է, որ, եթե ընդդիմադիրները և մեր քննադատներն այլ բան չունեն, համարում են, որ ամենահարմար թեման է խոցելու Կառավարությանը և քաղաքական մեծամասնությանը։

Եվ ես ձեզ ուզում եմ ուղիղ ասել. նաև այս պիլոտային ծրագիրը մենք սկսեցինք 2025 թվականին, և նաև 2025 թվականի վերջին, 2026 թվականի սկզբին շատ մեծ մտավախություն և ճնշում կար, այդ թվում՝ որոշակի ըմբռնում, որ չի կարելի այս ծրագիրը շարունակելով գնալ ընտրությունների, որովհետև այս ծրագրից չհրաժարվելով ընտրությունների գնալը կարող է քաղաքական մեծամասնության համար ունենալ ճակատագրական նշանակություն։

Բայց ես շատ ուրախ եմ, որ կարողացել ենք դիմակայել այդ ճնշմանը, որովհետև այս բարեփոխումը չանել նշանակում է ՀՀ-ին դատապարտել տեղապտույտի վիճակի և ՀՀ-ում պետական տրամաբանությունը շարունակել ստորադասել կոռուպցիոն տրամաբանությանը։

Այսպիսով՝ մենք խնդիր ենք դրել ունենալ սեփական աշխատանքի վրա գերկենտրոնացած պաշտոնյա, և այս համակարգը հնարավորություն է տալիս ունենալ սեփական աշխատանքի և խնդիրների լուծման վրա գերկենտրոնացած պաշտոնյա, որը, իր հերթին, բերում է էֆեկտներ ՀՀ քաղաքացիների համար։

Ամենևին երկրորդական չեմ համարում այս նախագծի հակակոռուպցիոն նշանակությունը։ Մենք շատ հաճախ գործում ենք կեղծիքի միջավայրում, որովհետև, երբ որ անընդհատ օդում կախված է լինում հարցը, թե բա այս պաշտոնյան ո՞նց է ապրում, կամ ենթադրում՝ ո՞նց է կոստյում առնում կամ ո՞նց է ժամացույց առնում, մենք դրա նեգատիվ ազդեցությունը մեր պետության զարգացման համար երբեք չենք գնահատում։

Բայց սա շատ նեգատիվ ազդեցություն է ունենում, և ես ուղիղ ասում եմ, որ ՏԻՄ մակարդակում այս խնդիրը չլուծելը բերելու է աղետների, որովհետև այդ ընկալումը, գիտեք, ՀՀ-ում եղել է այդպիսի ըմբռնում»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս համակարգում շատ էական բան է փոխվելու նաև մասնագիտական կյանքի և միջին ղեկավար պաշտոն զբաղեցնողների համար։ Օրինակ՝ այսօր մեր բազմաթիվ նախարարություններում մասնագիտական պաշտոններ զբաղեցնող անձանց միջին ամսական աշխատավարձը տատանվում է 250-350 հազար դրամի միջակայքում։ Այս փոփոխության արդյունքում, եթե գրանցվեն 80 և ավելի բարձր տոկոս կատարողական արդյունքներ, այսինքն՝ լավ և ավելի լավ, ապա այդ մարդկանց աշխատավարձը կգտնվի 400-500 հազար դրամի միջակայքում։

Բաժնի պետերը, որոնք գործող համակարգում վճարվում էին ամսական մինչև 400 հազար դրամ, կարող են այս կարգավորումների արդյունքում իրենց լրավճարների հետ ստանալ մինչև 740 հազար դրամ։

Վարչության պետի պաշտոն զբաղեցնող անձինք կարող են այսօրվա եղած համակարգով միջինը 520-550 հազարի դիմաց վարձատրվել մինչև 800-900 հազար դրամ»,- նշեց փոխվարչապետ Խաչատրյանը։

«Մեր խնդիրն այն է, որ քաղաքացիները ստանան պատշաճ ծառայություններ բոլոր ոլորտներում և բոլոր ուղղություններով։

Եթե որևէ մեկի համար ամոթ է, որ ինքը պետք է գնա սովորի, ուրեմն թող պետական համակարգում չաշխատի։ Խնդրում եմ՝ օրենքի քննարկման ընթացքում այդ մեխանիզմը թեկուզ ենթաօրենսդրական կարգավորումներով, բայց պետք է ՀՀ-ում չսովորող պաշտոնյա չլինի։ Բառիս բուն իմաստով՝ պետք է գնա, մինչև աշխատավարձը հասնի բազային 30 տոկոսին, կամ չպետք է հասնի այդ տեղը։ Պետք է ռեկոմենդացիա գնա, որ այս մարդուն ազատեք, որովհետև ինքը չի համապատասխանում չափանիշին։

Մենք պետք է գնանք այդ տրամաբանությամբ, ստեղծենք այդ համակարգը, որ մենք մեզ վրա պետք է աշխատենք»,- ասաց վարչապետը։

  • Կիսվել: