Պետք է առավել արդյունավետ դարձնենք համագործակցությունը «Վեոլիա ջուր»-ի հետ. վարչապետ
Առաջիկա հինգ տարվա ընթացքում ջրային խնդիրները լինելու են Հայաստանի կառավարության հինգ առաջնահերթություններից մեկը։
Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հանրապետությունում հաճախակի դարձած ջրանջատումներին և «Վեոլիա ջուր» ընկերության հետ համագործակցության վերանայման հնարավորության վերաբերյալ հարցին։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում ջրային խնդիրները շարունակում են մնալ հրատապ՝ չնայած ոլորտում իրականացված ներդրումներին։
«Մեր ենթակառուցվածքների մաշվածությանն ավելանում է նաև կլիմայի փոփոխությունը, և մենք այս ուղղությամբ պետք է ակտիվ աշխատանքներ իրականացնենք»,- ասել է վարչապետը։
Նա նշել է, որ, իր գնահատմամբ «Վեոլիա ջուր» ընկերության ներուժն ամբողջ ծավալով չի օգտագործվել, և անհրաժեշտ է համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնել։
«Իմ կարծիքով՝ մենք «Վեոլիա ջուր» ընկերության ներուժը ամբողջ ծավալով չենք կարողացել օգտագործել, և պետք է այդ համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնենք, որպեսզի լուծենք ջրային խնդիրները՝ առաջնահերթ ապահովելով Երևանի, Գյումրիի և Վանաձորի շուրջօրյա ջրամատակարարումը»,- նշել է Փաշինյանը։
Փաշինյանն ընդգծել է նաև ոռոգման ջրի հասանելիության բարձրացման կարևորությունը՝ դա որակելով ռազմավարական ծրագիր։


