ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պետական հողամասերի օտարումից առաջացած գումարի 30 տոկոսը կփոխանցվի համայնքին. Վաչե Տերտերյան

Պետական հողամասերի օտարումից առաջացած գումարի 30 տոկոսը կփոխանցվի համայնքին. Վաչե Տերտերյան

Այս օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է փոփոխություն, համաձայն որի` հետայսու, բացի պետական գույքի մասնավորեցումից առաջացած գումարների 30 տոկոսից, համայնքային բյուջեի եկամուտ կհամարվեն ու բյուջեներ կփոխանցվեն նաև պետական հողամասերի օտարումից առաջացած գումարների 30 տոկոսները: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ այս մասին մայիսի 23-ին Ազգային Ժողովի լիագումար նիստերի դահլիճում ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը` ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության oրենքների նախագծերի փաթեթի զեկուցման ընթացքում:

Փոխնախարարի խոսքով՝ սա համակարգային նշանակություն ունեցող նախաձեռնություն է, որը ֆինանսական ապակենտրոնացման հնարավորություններ է ստեղծում համայնքներում:

Գերատեսչության ներկայացուցիչը հայտնել է, որ նախագծերի փաթեթը քննարկվել է համապատասխան հանձնաժողովում:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Վաչե Տերտերյանից հետաքրքրվել է՝ արդյոք կա՞ օրենսդրական կարգավորում, որով պետական հողամասերի վարձակալության արդյունքում ևս ստացված գումարից համայնքին տոկոսներ կփոխանցվեն, ինչին ի պատասխան` փոխնախարարը հայտնել է, որ հարցը վաղուց է կարգավորված:

«Հողամասերի վարձակալությունից համայնքներին տոկոս տրվում է, դա կոչվում է համայնքային եկամուտ: Միայն հողերի օտարման պարագայում էր, որ ամբողջ հասույթն ուղղվում էր պետական բյուջե: Հիմա համահավասարեցնում ենք հողերն ու պետական սեփականության գույքը և դիտում որպես մի գաղափարախոսություն: Վստահ եմ` համապատասխան զարգացումների պարագայում հետևողականորեն գնալու ենք համայնքների եկամուտները բարձրացնելու ճանապարհով, կանդրադառնանք նաև 30 տոկոս տոկոսային շեմի փոփոխությանը»,- ասել է Վաչե Տերտերյանը:

Հարակից զեկույցով հանդես է եկել Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Դանիելյանը: Նա հայտնել է, որ նախագծով փորձ է արվում աջակցել համայնքներին ու մեծացնել դրանց ռեսուրսները: Պատգամավորը կոչ է արել կողմ քվեարկել նախագծին, քանի որ հանձնաժողովում այն ստացել է դրական եզրակացություն:

  • Կիսվել: