շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՊԵԿ-ը ներկայացրել է 2023 թ. առաջին կիսամյակում միջազգային համագործակցությանն ուղղված աշխատանքները

ՊԵԿ-ը ներկայացրել է 2023 թ. առաջին կիսամյակում միջազգային համագործակցությանն ուղղված աշխատանքները

2023 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության կողմից իրականացվել են մի շարք աշխատանքներ:

ՀՀ ՊԵԿ շնագիտական կենտրոնում բացվել են նոր մասնաշենքեր, որոնք կառուցվել են ԱՄՆ կառավարության գործուն աջակցությամբ: ՊԵԿ շնագիտական կենտրոնը դարձել է միջազգային չափանիշներին համապատասխանող տարածաշրջանային կառույց, որտեղ վարժանքներ և վերապատրաստումներ կկազմակերպվեն նաև մաքսային ծառայությունների ստորաբաժանումների և այլ երկրների իրավապահ մարմինների համար՝ թմրամիջոցների դեմ պայքարի համատեքստում։

Հարավային Կորեայի մաքսային ծառայության և ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից հանձնառած մաքսային համակարգի բարեփոխումների օրակարգի շրջանակում մեկնարկել է Հայաստանում մաքսային արդիականացման ծրագրի իրականացումը:

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը Երևանում հյուրընկալել է Վրաստանի ֆինանսների նախարարության Քննչական ծառայության պատվիրակությանը՝ ծառայության ղեկավարի գլխավորությամբ։ Ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության միջև:

Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագրի շրջանակում տեղի է ունեցել Մեղրիի նոր անցակետի հիմնարկեքի արարողությունը: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի օժանդակությամբ: Մեղրիի արդիականացված անցակետը կլինի միջազգային չափանիշներին համահունչ և հագեցած գերժամանակակից տարբեր սարքավորումներով։

Երևանում կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 41-րդ նիստը, որի ընթացքում ստորագրվել է մաքսային գործի տարբեր բնագավառներին վերաբերող 22 որոշում։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պատվիրակությանը՝ ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորությամբ։ Քննարկվել են ՀՀ հարկային և մաքսային ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքը:

ՀՀ ՊԵԿ պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահի տեղակալի գլխավորությամբ, Բելառուսում մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 42-րդ նիստին, որի ընթացքում ստորագրվել է մաքսային գործի տարբեր բնագավառներին վերաբերող 19 որոշում։

ՀՀ ՊԵԿ նախագահի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի 141-րդ և 142-րդ տարեկան նստաշրջաններին։ 

 ՊԵԿ նախագահն այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել Հնդկաստանի, Ճապոնիայի և ԱՄՆ գործընկերների հետ։ Ստորագրվել է Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին համաձայնագիր։

  • Կիսվել: