ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ՊԵԿ-ում բացվել է Կենտրոնացված մոնիթորինգի կենտրոնն ու գործարկվել CertScan համակարգը

ՊԵԿ-ում բացվել է Կենտրոնացված մոնիթորինգի կենտրոնն ու գործարկվել CertScan համակարգը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում մայիսի 22-ին տեղի է ունեցել Կենտրոնացված մոնիթորինգի կենտրոնի պաշտոնական բացման ու CertScan ծրագրի գործարկման հանդիսավոր արարողությունը։ Նախագծերն իրականացվել են «Արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության աջակցության» (EXBS) ծրագրի շրջանակում՝ S2Global ընկերության հետ համագործակցությամբ, ԱՄՆ կառավարության ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, S2Global Inc. ընկերության միջազգային ծրագրերի տնօրեն Մայքլ Մագլոթինը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, EXBS ծրագրի, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի, Ներքին գործերի նախարարության և Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներն և ու պաշտոնատար անձինք։

Ներդրված CertScan համակարգը միավորում է ՀՀ ՊԵԿ սահմանային անցակետերում և տերմինալներում գործող ռենտգենյան սկանավորումների պատկերները մեկ միասնական հարթակում՝  հնարավորություն ընձեռելով իրականացնել ռենտգենյան պատկերների կենտրոնացված և իրական ժամանակում մշտադիտարկում։ Վերլուծության և օպերատիվ արձագանքման արդյունքում մաքսային ծառայողների հետագա գործողությունները կդառնան առավել նպատակային և արդյունավետ։

 Նոր հարթակի ներդրմամբ զգալիորեն կբարձրանա սահմանային անվտանգությունը՝ նպաստելով հնարավոր ռիսկերի և անվտանգության սպառնալիքների առավել արդյունավետ բացահայտմանը։ Միաժամանակ կնվազեն կոռուպցիոն ռիսկերը՝ բարելավելով մաքսային հսկողության գործընթացների թափանցիկությունը՝ նպաստելով օրինական առևտրի զարգացմանն ու ՀՀ սահմաններով ապրանքների անխափան տեղաշարժին։ Ծրագրի իրականացման ընթացքում առանձնապես կարևորվել է մաքսային համակարգում արհեստական բանականության և մեքենայական ուսուցման տարրերի կիրառումն ու ինտեգրումը։

Միջոցառման ընթացքում, մեկ բեռնատարի զննման օրինակով, քայլ առ քայլ ներկայացվել է CertScan միասնական հարթակի աշխատանքի առանձնահատկությունները, գործառնական հնարավորությունները, կիրառվող գործիքակազմն ու համակարգի հիմնական առավելությունները։

Հիշեցնենք, որ EXBS ծրագիրը նշանակալի ներդրում ունի Հայաստանի սահմանային անվտանգության և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման գործում։

Առաջադեմ տեխնոլոգիական լուծումների, տեղեկատվության արագ փոխանակման և կենտրոնացված մասնագիտական վերահսկողության շնորհիվ նորաստեղծ մոնիթորինգային կենտրոնն էապես կնպաստի Հայաստանի մաքսային ընթացակարգերը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացին՝ ծառայելով որպես սահմանային կառավարման կարևոր տեխնոլոգիական գործիք։

  • Կիսվել: