Փաշինյանն անդրադարձել է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների հնարավոր ազդեցությանը Հայաստան-Իրան տնտեսական կապերի վրա
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները ինչպես կանդրադառնան Հայաստան-Իրան տնտեսական կապերի վրա։
Փաշինյանը թեմային անդրադարձել է օգոստոսի 27-ին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Վարչապետն ընդգծել է, որ Իրանի դեմ պատժամիջոցների մասին որոշումները բազմաշերտ են, ուստի պետք է նախ այդ որոշումների բովանդակությանը ծանոթանալ, հասկանալ, թե այդ պատժամիջոցներն իրականության մեջ գործարքների վրա ինչպե՞ս են ազդում, ինչպիսի՞ ռիսկեր կան, և, ընդհանրապես, ի՞նչն է ընկնում պատժամիջոցների ձևակերպման տակ։
«Քանի որ գործընթացը ծավալուն է, մենք այն վերլուծելու ընթացքի մեջ ենք, այդ թվում՝ միջազգային գործընկերների աջակցությամբ, որպեսզի ամեն ինչ ճիշտ հասկանանք և ամեն ինչ լինի ճիշտ»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը հիշեցրեց, որ նախկինում, երբ սանկցիաներ էին կիրառվում նաև ՌԴ-ի նկատմամբ, Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ երկիր, առևտրաշրջանառությունը կազմակերպում էր այնպես, որ պատժամիջոցները չէին առնչվում այդ գործընթացին։
«Նախկին փորձից եմ ասում, որ որոշումները երբեմն նաև փոխվում են։ Դա ճկուն աշխատանքային գործընթաց է»,- ասել է ՀՀ վարչապետը։



