Պապոյանը վստահեցնում է՝ «Սպայկա»-ի արտահանման խնդիրները կապ չունեն հայ-ռուսական հարաբերությունների հետ
էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցնում է՝ «Սպայկա» ընկերության արտահանման խնդիրները հայ-ռուսական հարաբերությունների հետ կապ չունեն։ Այս մասին նա ասաց այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովից հետո ճեպազրույցի ժամանակ։
Պապոյանը, մասնավորապես, նշեց. «Հայ-ռուսական տնտեսական կապերը զարգանում են բարձր տեմպերով, արտահանումը բարձր մակարդակի վրա է, իսկ տնտեսական մասով Հայաստանը որևէ խոչընդոտ չունի։ Այնպես որ՝ այդ մասով ես այդ հարցի հետ որևէ կերպ չէի պայմանավորի»,– ասաց նախարարը։
Նախարարը հավելեց, որ տիրապետում է որոշ տեղեկությունների, բայց, հաշվի առնելով ընկերության հեղինակությունը չվնասելու ձգտումը, ճիշտ կլինի առաջնորդվել միայն այն տեղեկություններով, որոնք «Սպայկան» է տարածում։
«Սպայկան» բավական կայացած ընկերություն է, և ես հուսով եմ , որ ընկերությունը իր իրավաբաններով կկարողանա հանգուցալուծել այս հարցը»,-նշեց նա։
Պապոյանի խոսքով՝ ռուս–հայկական հարաբերությունների մակարդակի մասին են վկայում նաև մասնավոր օրինակները։ Նա անդրադարձավ մի քանի ամիս առաջ տեղի ունեցած դեպքին, երբ Հայաստանի սահմանակից երկրներում տարածվել էր դաբաղ հիվանդությունը։
«Պատվաստանյութը ռուսական շուկայում ամենահարմարն էր, մենք որոշեցինք գնել նրանցից, բայց որպեսզի Հայաստանում հնարավորինս շուտ սկսեն անասունների պատվաստումը, Ռուսաստանի Գյուղատնտեսության նախարարությունը իր պաշարներից անհատույց 50 հազար դեղաչափ պատվաստանյութ տրամադրեց Հայաստանին։ Նման բան դժվար թե տեղի ունենար, եթե երկու երկրների միջև պրոբլեմներ լինեին»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ մոտ 150 բեռնատար արգելափակվել է Ռուսաստանում (ընկերությունն արտահանում է թարմ բանջարեղեն և միրգ): Ընկերությունից հայտնել էին, որ 30 բեռնատարի գյուղմթերք արդեն փչացել է, նախնական հաշվարկով` 2 միլիոն դոլարի վնաս են կրել։
Օգոստոսի վերջին Պապոյանը նշել էր, որ 2025 թվականի հունիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում Հայաստանը ՌԴ է արտահանել 73,5 հազար տոննա պտուղ-բանջարեղեն։ Դրանցից Ռուսաստանը չի ընդունել հազար տոննայից քիչ պակաս. վերադարձված բեռնատարների մեծ մասը փաստաթղթերի հետ կապված խնդիրներ է ունեցել:


