երեքշաբթի, նոյեմբեր 3
3 / 11 / 2026
Որքա՞ն հոնորար է ստացել «Վարչաբենդի» թմբուկահարը․ Ղազարյանը՝ Մակունցին

Որքա՞ն հոնորար է ստացել «Վարչաբենդի» թմբուկահարը․ Ղազարյանը՝ Մակունցին

«Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցից հետաքրքրվեց, թե Կոնդի ամառանոցային տնտեսության վրա, որտեղ բնակվում է  Նիկոլ Փաշինյանը, որքան գումար է տարեկան ծախսվում, «որպեսզի մենք իմանանք՝ ինչ արժի վարչապետի մեկ օրվա կյանքը ՀՀ քաղաքացիների վրա»։

Նա նաև այլ հարցադրումներ արեց. «Վարչապետն իր մասնակցությամբ հիմնադրել է վոկալ գործիքային  համույթ՝ «Վարչաբենդ», համերգներ են կազմակերպվել, այդ միջոցառումների համար վարչապետի աշխատակազմի՞ց է ծախսվել, թե՞ ոչ, անդամները հոնորար ստացե՞լ են, թե ՞ոչ, հատկապես հետաքրքիր է թմբուկահարը ինչքա՞ն հոնորար է ստացել։ 

Վարչապետը հանդես է գալիս երբեմն սեփական նախասիրություններն իրականացնելով, օրինակ հեծանվավարությամբ։ Սևանում երկու օր հեծանիվ քշելու վրա միայն սննդի ծախսերը կազմել է մոտ 5 միլիոն դրամ, որը վարչապետի աշատակազմն է  իրականացրել։ Կարո՞ղ եք տալ բացվածքը, ինձ հետաքրքիր է՝ 30 մարդը 2 օրում  5 միլիոնի ինչ են կերել»։ 

Լիլիթ Մակունցն ասաց, որ բոլոր այն հարցերը, որոնք ենթադրում են բացվածք, կոնկրետ թվեր, պետք է ուղարկել հարցում, կպատասխանեն գրավոր։ 

«Ցավում եմ, որ դուք անպատրաստ եք ներկայացել Ազգային ժողով։ Երբ որ գալիս եք ԱԺ զեկույցի, թեմայի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանները պետք է ունենաք։ Մենք գրավոր հարցումներ անելու մեր իրավունքի մասին գիտենք, կարող ենք անել ցանկացած պահի։ Երբ որ հիմա քննարկվում է՝ համաձայնություն տա՞նք արդյոք եկող տարի վարչապետը հեծանիվ քշի, թե ոչ, պետք է իմանանք, թե դրա համար ինչքա՞ն գումար է  նախատեսված, ինչքանո՞վ է նպատակահարմար պաշտոնյան իր նախասիրությունները հասարակության հաշվին իրականացնի։ Այդ հարցերի պատասխանները պետք է այստեղ հնչեցնեք»,- արձագանքեց Էդգար Ղազարյանը։ 

Մակունցն ասաց. «Ինչ վերաբերում է  հեծանվավազքին ու «Վարչաբենդին», վարչապետի աշխատակազմից որևէ պետական միջոց չի հատկացվել այդ երկու միջոցառումների համար»։ 

  • Կիսվել: