հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ոռոգման ջրի դեֆիցիտի ծավալը կազմել է ավելի քան 97 մլն խորանարդ մետր

Ոռոգման ջրի դեֆիցիտի ծավալը կազմել է ավելի քան 97 մլն խորանարդ մետր

Գետերում ջրի մակարդակի կտրուկ նվազեցման հետեւանքով ոռոգման ջրի դեֆիցիտի ծավալը կազմել է ավելի քան 97 մլն խորանարդ մետր: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը:

«Դեֆիցիտի լրացման համար Մխչյանի եւ Ռանչպարի պոմպակայանների օգնությամբ ծրագրվում է արտադրել 22,1 մլն խմ ջուր, մնացած 75 մլն խմ կվերցվի Սեւանից:

Պոմպերի հավելյալ աշխատանքը կբարձրացնի էլեկտրաէներգիայի ծախսերը 450 մլն դրամով (գրեթե 1 մլն դոլար):

Ոռոգման սեզոնի սկզբից Սեւանից բաց է թողնվել մոտ 154 մլն խմ ջուր, իսկ Արփա-Սեւան թունելով լիճ է թափվել 133,8 մլն խմ ջուր: 31,4 հազար հա տարածքի ոռոգումը ջրօգտագործողների կողմից իրականացվում է Մարմարիկի, Ապարանի, Ազատի ջրամբարների, Հրազդան գետի, Սեւանա լճի, Մխչյան եւ Ռանչպար պոմպակայանների աշխատանքի հաշվին»,-նշեց Սարգսյանը:

Նա պարզաբանեց, որ Հայաստանում 12 ջրամբարների առավելագույն լցվածությունն այս տարի կազմել է 526,7 մլն խմ՝ անցած տարվա 140,8 մլն խմ համեմատ:

Նշենք, որ այս տարի շատ գյուղերի բնակիչներ բողոքի ակցիաներ են անցկացրել՝ կապված ոռոգման ջրի բացակայության հետ:      

  • Կիսվել: