հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Որո՞նք են դրամի արժևորման պատճառները. պարզաբանում է ԿԲ նախագահը

Որո՞նք են դրամի արժևորման պատճառները. պարզաբանում է ԿԲ նախագահը

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ԱԺ արտահերթ նիստի ժամանակ անդրադարձավ վերջին օրերին դոլարի արժեզրկմանն ու դրամի արժևորմանը։

Նա նշեց, որ  նպաստող գործոնները մի քանիսն են ու բխում են պահանջարկից ու առաջարկից։ Գալստյանն ասաց, որ այս պահի դրությամբ արտարժութային միջոցների առաջարկն ավելի մեծ է, քան դրանց նկատմանբ պահանջարկը: ՛՛Որովհետև մենք ունենք արտաքին հատվածից եկող ավելի դրական ազդակներ, մասնավորապես, մեր գործընկեր երկրներում տնտեսական աճերն ավելի լավն են, տրանսֆերտներն ավելի մեծ թափով են գալիս Հայաստան, որոշակիորեն վերականգնվել է տուրիզմը։ Եվ ամենակարևոր գործոններից մեկն այն է, որ պղնձի գինը գտնվում է պատմական մաքսիմումին մոտ գտնվող մակարդակի վրա՛՛,-ասաց նա։

Ըստ ԿԲ նախագահի՝ փոխարժեքը ՀՀ-ում ազատ ու լողացող է, ինչը թույլ է տալիս տնտեսական քաղաքականություն իրականացնող մարմիններին լինել ավելի ճկուն, մանավանդ պրոբլեմատիկ իրավիճակները հաղթահարելու տեսանկյունից։

Նա նշեց. ՛՛Ինչ վերաբերում է փոխարժեքի տատանումներին, ես դրանք կտրուկ չէի անվանի, որովհետև մեր համադրելի երկրներում փոխարժեքը ավելի մեծ տատանումներ է ունեցել։ Եվ հաշվի առնելով այն միջավայրը, որում մենք հայտնվել ենք 2020 թվականի՝ պանդեմիա գումարած պատերազմ, ես կարծում եմ, որ տատանումներն այնքան զգալի չեն եղել՛՛:

Գալստյանը խոսեց նաև այն մասին, թե քաղաքական զարգացումները որքանով են ազդեցություն ունենում դրամի արժևորման իրավիճակի վրա: Այս առնչությամբ նա ասաց․ ՛՛Քաղաքական գործոնները նաև մաս են կազմել ընդհանուր անորոշության, որը կար վերջին ամիսներին ՀՀ-ում։ Եվ ըստ էության երևի թե ամսի 20-ից հետո պրոցեսների հարթ ու սահուն ընթացքը որոշակիորեն հանգեցրել է մարդկանց մոտ տրամադրությունների ձևավորմանը և ապագային միտված այդ անորոշության ու անհանգստության վերացմանը։ Դա երևի թե արտահայտվել է նաև իրենց վարքագծում՝ արտարժութային շուկայում իրենց իրականացրած գործառնությունների հետ կապված՛՛։

 

  • Կիսվել: