հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի մասնակիցների առավելագույն թիվը գործող 49-ի փոխարեն նախատեսվում է սահմանել 99

Ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի մասնակիցների առավելագույն թիվը գործող 49-ի փոխարեն նախատեսվում է սահմանել 99

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է  ««Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Նախագծով առաջարկվում է ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի մասնակիցների առավելագույն թիվը ներկայիս 49-ի փոխարեն սահմանել 99: Այդ նպատակով առաջարկվում է  օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ոչ հրապարակային ֆոնդը կարող է ունենալ ոչ ավելի, քան 99 մասնակից: Մասնակիցների թիվը 99-ից անցնելու դեպքում ոչ հրապարակային ֆոնդը պարտավոր է 90 օրացուցային օրվա ընթացքում սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով վերագրանցվել որպես հրապարակային ֆոնդ կամ համապատասխանաբար կրճատել իր մասնակիցների թիվը: Սույն մասով սահմանված՝ որպես հրապարակային ֆոնդ վերագրանցվելու կամ մասնակիցների թիվը կրճատելու պահանջը չկատարման դեպքում ոչ հրապարակային ֆոնդը ենթակա է դատական կարգով լուծարման»:

Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ կստեղծվեն Հայաստանում գործող ներդրումային ֆոնդերում և որպես հետևանք՝ նաև ՀՀ այլ ընկերություններում ներդրումներ կատարելու համար լրացուցիչ հնարավորություններ:

Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Այն նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:

Հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել մայիսի 19-ին:

  • Կիսվել: