երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Նստացույց հայտարարած զոհված զինծառայողների ծնողները մինչև ժամը 15։00-ն կսպասեն, ապա հայտարարություն կանեն

Նստացույց հայտարարած զոհված զինծառայողների ծնողները մինչև ժամը 15։00-ն կսպասեն, ապա հայտարարություն կանեն

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները շարունակում են նստացույցը Քննչական կոմիտեի դիմաց, որը նրանք սկսել էին երեկ։ Այսօր մինչև ժամը 15:00-ին  ժամկետ են տվել այդ կառույցին, որպեսզի կատարի իրենց պահանջը՝ մեղադրանք առաջադրի զոհվածների ծնողների նկատմամբ «Եռաբլուր» պանթեոնում բռնություն կիրառած 13 ոստիկաններին:

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը, ով գիշերն անցկացրել է այստեղ, լրագրողների հետ զրուցյում նշեց. «Մենք երեկ եկել էինք այստեղ ոչ թե կոնկրետ մեղադրանքի հետ կապված, այլ որպեսզի հերթական անգամ իմանանք գործը ընթացքի մասին:

Փորձը ցույց է տալիս, որ եթե մենք չենք գալիս Քննչական կոմիտե, գործը քնում է, իսկ երբ գալիս ենք, կանչում են համապատասխան ոստիկաններին, առերեսումներ էին կազմակերպում: Իրենք մեզ հավաստիացրել են, որ գործն ընթացքի մեջ է, բայց մեր վերջին գալուց հետո, իսկ դա 2 ամիս առաջ էր, մենք միջնորդություն ներկայացրեցինք, որ չեզոք մարդկանց կանչեն առերեսման կոնկրետ միջադեպին ներկա լրագրողներին առերեսում անեն լրագրողների հետ, որպեսզի ճշտումներ լինեն, թե ով է պատկերը ճիշտ ներկայացնում:

Խոսքն այն մասին է, թե արդյոք սեպտեմբերի 21-ին «Եռաբլուրում» ծնողներին օրինական պահանջ եղել է, թե ոչ: Մենք ասում ենք, որ չի եղել, ամեն ինչ տեսանկարահանված է; Դրանից հետո երկու լրագրողների կանչել են: Մեզ ինֆորմացիա եկավ, որ չեն կարողանում մյուս լրագրողներին գտնել ու կանչել հարցաքննության: Դա պատրվակ է, որ գործը ձգձգեն»,-ասաց նա:

Արա Ռոստամյանը հավելեց, որ երեկ ՔԿ-ից քննիչը չի ցանկացել իջնել իրենց հետ հանդիպելու, որից հետո իրենք պահանջ են դրել մեղադրանք առաջադրել այն 13 ոստիկանների նկատմամբ, որոնք զոհվածների ծնողներից 5 կանանց նկատմամբ բռնի ուժ են կիրառել, մարմնական վնասվածքներ են հասցրել:

«Առերեսումների ժամանակ այդ ոստիկանները իրենց մեղքն ընդունեցին, ծնողներից ներողություն խնդրեցին, որ սխալ ենք արել, էլ չի կրկնվի: Նաեւ առերեսման ժամանակ կարմիր բերետավորների  գումարտակի հրամանատարն ասաց, որ ինքն է տվել հրամանը: Նա եւս ներողություն խնդրեց, ասաց, որ անհամաչափ է եղել արարքը: Եթե ընդունում են, որ անհամաչափ ուժ են կիրառել, ուրեմն պետք է այդ 13-ին մեղադրանք առաջադրեն:

Մենք ասացինք, որ եթե 24 ժամվա մեջ մեղադրանք չառաջադրեն, մենք այսօր ժամը 3-ին հայտարարություն կանենք եւ էլ չենք գա ՔԿ, արդեն հույսներս կկտրենք»,-ասաց զոհվածի հայրը:

Նա հավելեց, որ քանի դեռ իշխանության է Նիկոլ Փաշինյանը, որեւէ իրավական համակարգ չի աշխատում, բոլորը կատարում են Փաշինյանի ցուցումները:

 

  • Կիսվել: