ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ներդրումային ծրագրեր իրականացնող տնտեսվարողների համար կպարզեցվեն մաքսատուրքի արտոնության տրամադրման ընթացակարգերը

Ներդրումային ծրագրեր իրականացնող տնտեսվարողների համար կպարզեցվեն մաքսատուրքի արտոնության տրամադրման ընթացակարգերը

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ներդրումային ծրագրեր իրականացնող տնտեսվարողների համար մաքսատուրքի արտոնության տրամադրման ընթացակարգերի պարզեցման նպատակով:

Ըստ հիմնավորման՝ Կառավարության 2021 թ. համապատասխան որոշմամբ հաստատվել էր ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնության տրամադրման նոր կարգը, որը բացառում էր և հնարավորություն չէր տալիս ապրանքների ներմուծման մաքսատուրքի արտոնությունից օգտվել մինչև Կառավարության համապատասխան որոշման ընդունումը։

Հաշվի առնելով, որ նոր կարգով սահմանված դրույթները դժվարություններ էին առաջացնում ընկերությունների համար արտոնությունից օգտվելու, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների կողմից ներդրումային ծրագրով նախատեսված ապրանքները ՀՀ են ներմուծվում ավելի շուտ, քան ընդունվում է Կառավարության համապատասխան որոշումը, հետևաբար, փոփոխություններ են կատարվել որոշման մեջ, և նոր՝ 2022 թ. հուլիսի 28-ի համապատասխան որոշման փոփոխություններով և գործող կարգավորումով, տնտեսվարող սուբյեկտները հնարավորություն ունեն ապրանքներ ներմուծել և օգտվել արտոնությունից մինչև Կառավարության համապատասխան որոշման ընդունումը։

Գործադիրի այսօրվա որոշմամբ հնարավորություն կտրվի ամբողջացնել ՀՀ կառավարության 2022 թ. հուլիսի 28-ի որոշմամբ ընդունված հետադարձ ուժի դրույթը, կկանոնակարգվի ներդրումային ծրագրերի ընթացքը և բարելավող նորմի կարգավորումները կտարածվեն 2021 թ. ապրիլի 24-ից ծագած հարաբերությունների վրա: Այն է՝ կիրառել արտոնությունը նաև ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ այն ապրանքների վրա, որոնք ՀՀ են ներմուծվել ավելի շուտ, քան համապատասխան որոշման ընդունումը, բայց ոչ ավելի շուտ, քան ընկերությունների կողմից հայտ ներկայացնելը։

  • Կիսվել: