հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ներդրումային կոմիտեի նիստում չոր նավահանգստի նախագիծը հավանության արժանացավ․ թևակոխում ենք խորացված տեխնիկա-տնտեսական հետազոտության փուլ․ Վահան Քերոբյան

Ներդրումային կոմիտեի նիստում չոր նավահանգստի նախագիծը հավանության արժանացավ․ թևակոխում ենք խորացված տեխնիկա-տնտեսական հետազոտության փուլ․ Վահան Քերոբյան

«2023թ-ի համար, թե Արժույթի հիմնադրամը, թե Համաշխարհային բանկը,  թե մեր մյուս գործընկերները տեսնում են , որ մեկ շնչի բաժին հասնող ՀՆԱ-ի  ցուցանիշը  6600-6800 դոլարի միջակայքում կլինի»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Ըստ նրա՝ նման ՀՆԱ-ի պարագայում մեր երկիրն էլ  ինստիտուտների վերափոխման կարիք կունենա․ «Դա նշանակում է, որ պետք է որպես երկիր փոխենք մեր մտածելակերպը, փոխենք մեր ինստիտուտները, դրանց որակը, որպեսզի կարողանանք արդեն որպես այլ «կլասի» երկիր աճել, աշխատել»։ 

Լրագրողների դիտարկմանը, թե անկախ ցուցանիշներից, ՀՀ-ում շատերի եկամուտը չի աճում, Քերոբյանը նկատեց, որ լրագրողները խոսում են մի քանի հոգու մասին, մինչդեռ պետք է տնտեսական ցուցանիշների ազդեցությունը ստուգել մասնավոր բիզնեսների առաջխաղացումը դիտարկելով․ «Գնացեք, խոսեք ցանկացած բիզնես անող մարդու հետ,և կտեսնեք, թե նրանք ինչպիսի առաջընթաց են գրանցել այս տարվա ընթացքում։ Տեսնում ենք, որ բազմաթիվ բիզնեսներ փոխել են իրենց «կլասը»  աևտրի, արտահանման, տեխնիկական հագեցվածության առումով, մարդկային ռեսուրսների հագեցվածության առումով։ Մեր երկրում աշխատող բիզնեսների մեծ մասը  էական առաջընթաց է արձանագրել այս տարի»։ 

Քերոբյանն անդրադարձավ նաև չոր նավահանգիստ ստեղծելու գաղափարին, նա խորհուրդ տվեց կարդալ նախարարության  շուրջ 6 տասնյակ էջ ունեցող փաստաթուղթը, որը կօգնի հասկանալ չոր նավահանգստի ստեղծման անհրաժեշտությունը․ «Նախագիծն արդյունաբերական պարկ է, որը ՀՀ-ում չկա, տարբեր երկրներում բազմաթիվ արդյունաբերական պարկեր կան, որոնք նախատեսված են հենց արդյունաբերական ընկերություններին անհրաժեշտ առաջնակարգ ենթակառուցվածքներով ապահովելու համար, ինչպես նաև լոգիստիկ կենտրոն է լինելու, կոնտեյներային տերմինալ։ Նախատեսվում է, որ այնտեղ կլինի նաև ազատ տնտեսական գոտի։ Անցած շաբաթ ներդրումային կոմիտեի նիստում չոր նավահանգստի նախագիծը հավանության արժանացավ և թևակոխում ենք խորացված տեխնիկա-տնտեսական հետազոտության փուլ, որին  կհաջորդի ներդրումային ծրագրի իրագործումը։ Չոր նավահանգիստը միտված է լուծել  մեր երկրի  գլխավոր պրոբլեմներից մեկը, դա Հայաստանի լոգիստիկ վատ կապվածությունն է  աշխարհի հետ և չոր նավահանգստի ստեղծմամբ մեզ համար ամենացավոտ խնդիրը լուծելու լավ ձև ենք գտել»։ 

Լրագրողների դիտարկմանը, թե չոր նավահանգիստ ստեղծելու թեման ակտիվորեն քննարկվում է սոցցանցերում և միանշանակ չի ընդունվում, Քերոբյանը պատասխանեց․ «Մենք սոցցանցերին նայում ենք, բայց դա մեզ համար առաջնորդող չէ»։ 

  • Կիսվել: