Նարեկ Կարապետյանը բիզնեսմենի լավ կառավարման արդյունք է համարում էժան վարկերը՝ բերելով Վրաստանի օրինակը
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները մայիսի 17-ին քարոզարշավ են անցկացրել Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում։
Մինչ քաղաքի կենտրոնում բնակիչների հետ հանդիպումը, դաշինքի ներկայացուցիչները շրջել են քաղաքում, զրուցել մարդկանց հետ, նրանց ծանոթացրել իրենց նախընտրական ծրագրի հիմնական դրույթներին։
Բնակիչների հետ հանդիպման ժամանակ ելույթ է ունեցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նա նշել է, որ քարոզարշավի շրջանակներում շրջել են Մեծամոր քաղաքում ու տեսել, որ այն 20 տարվա հնության շինարարությամբ քաղաք է։ Նրա խոսքով՝ Մեծամորում խորհրդային ժամանակներից ի վեր մեծ փոփոխություններ չկան, բացի փոքր կրպակների վերանորոգումից։
«Այս քաղաքում չկա այն մեծ շարժը, որ պետք է լիներ երկրի էներգետիկ սրտում (խմբ․ նկատի ունի այն հանգամանքը, որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանը գտնվում է Մեծամոր քաղաքում)։ Մեր երկրում պետք է այսպես լինի․ եթե տեղում կա գործարան, կա հիմնարկ, կա ատոմակայան․․․ ատոմակայանի վճարած հարկերի մեծ մասը պետք է հետ գա Մեծամորին, որպեսզի քաղաքն ակտիվ զարգանա։ Շատ կարևոր է նաև քաղաքի շրջակայքի զարգացումը։ Ի՞նչ է դա իր մեջ ներառում։ Խոսքն Արարատյան դաշտի այգեգործության մասին է։ Մենք Արարատյան դաշտում այգեգործության մեջ մի ունիկալ խնդիր ունենք․ ամենաշատ ջրային ռեսուրսներ ունեցող երկրում մենք ջրի հետ կապված խնդիր ունենք, մասնավորապես, Արմավիրի մարզում ժողովուրդը ջրի խնդիր ունի։ Իսկ ո՞րն է դրա պատճառը։ Պատճառը հին ոռոգման համակարգերն են, որոնց վրա ոչ մեկ գործ չի արել։ Պատճառն այն է, որ այս հարստությունը, որն Աստված մեզ տվել է, մենք չենք կարողանում նորմալ տնօրինել։ 95 տոկոս ջրի կորուստ ենք ունենում։ Ջուրը պետք է խնդիր չլինի այստեղ, իսկ որպեսզի խնդիր չլինի, մենք պետք է լուծենք Սևան-Հրազդան կասկադի մի շարք խնդիրներ»,- ասել է Կարապետյանը։
Նարեկ Կարապետյանն անդրադարձել է նաև վարկերի թեմային։ Նա բերել է Վրաստանի օրինակը, որտեղ վարկերի տոկոսադրույքն 8 տոկոս է, իսկ Հայաստանում՝ 15, 20, 22, 24 տոկոս։
Կարապետյանը Վրաստանում վարկերի ցածր տոկոսադրույքները կապում է այն հանգամանքի հետ, որ այնտեղ երկրի ղեկավարը գործարար է։
«Բիզնեսմենի լավ կառավարման արդյունքն էժան վարկերն են»,- հայտարարել է նա։
Նարեկ Կարապետյանը ներկայացրել է վարկերի հետ կապված իրենց ծրագրում ներառված դրույթը։ Նրա խոսքով՝ եթե մարդը 18 ամիս չի կարողանում իր վարկը վճարել , նրան հնարավորություն է տրվելու, որպեսզի նրա վճարած հարկերով փակվեն այդ վարկի մայր գումարը, իսկ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն այդ ընթացքում կալանք չի դնի նրա հաշիվների վրա և գումարներ չի գանձի։ «Մի փոքր պարզ բացատրեմ․ եթե մեկը 1․5 տարի ուշացրած վարկ ունի ու գրանցվում է աշխատանքի, մեր ծրագիրն է, որպեսզի վարկի մայր գումարը փակվի նրա հարկերից, ոչ թե աշխատավարձից։ Հարկը գնում է պետությանը, պետությունը վճարում է վարկի գումարները»,- մանրամասնել է Կարապետյանը։


