հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Մթերման կայանների վերաբերյալ մեր ծրագիրը լինելու է ամենալավ գործերից մեկը. Նարեկ Կարապետյանը՝ Մասիսում

Մթերման կայանների վերաբերյալ մեր ծրագիրը լինելու է ամենալավ գործերից մեկը. Նարեկ Կարապետյանը՝ Մասիսում

«Ուժեղ Հայաստան» դաշինքը նախընտրական քարոզարշավը շարունակել է Արարատի մարզի Մասիս քաղաքում։

Դաշինքի անդամները՝ նախընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ, հանդիպել են Մասիսի բնակիչների հետ և քննարկել նրանց հուզող խնդիրները։

Հանդիպման ընթացքում Նարեկ Կարապետյանն անդրադարձել է ջրամատակարարման և գյուղատնտեսության խնդիրներին՝ նշելով, որ դաշինքը նախատեսում է փոփոխություններ իրականացնել հատկապես գյուղմթերքի մթերման ոլորտում։

«Մենք լավ ծրագրեր ենք առաջարկելու։ Դրանցից մեկը մթերման կայանների ծրագիրն է․ նախատեսում ենք, որ յուրաքանչյուր շրջանում՝ 6-7 գյուղի միջակայքում, լինի մթերման կայան, որը երաշխավորված կգնի բերքը։ Եթե կարողանանք ապահովել այդ մեխանիզմը, գյուղացին տարվա սկզբին արդեն կիմանա, թե տարվա վերջում իր բերքն ինչ գնով է վաճառելու։ Դա լավ կանխատեսելիություն կտա, և մարդիկ կկարողանան լավ եկամուտ ստանալ»,- ասել է Կարապետյանը։

Նրա խոսքով՝ դաշինքի նպատակն է գյուղատնտեսական ոլորտում իրականացնել համակարգային փոփոխություններ՝ հատկապես Արարատյան դաշտում։

«Մեր ծրագիրը երկրում գյուղատնտեսական փոփոխություններ իրականացնելն է, հատկապես՝ Արարատյան դաշտի այս տարածաշրջանում։ Մենք տեսնում ենք, որ այս ոլորտը կարող է մեծ միջոցներ և հնարավորություններ բերել մեր երկրին։ Ամբողջ աշխարհում կա մեր բերքի պահանջարկը, բայց մինչ օրս չենք կարողացել այն պատշաճ կերպով հասցնել արտաքին շուկաներ։ Մենք հենց դրանով ենք զբաղվելու։ Դա ամենահեշտ գործերից մեկն է, բայց նաև՝ ամենաարդյունավետներից»,- նշել է նա։

Նարեկ Կարապետյանը նաև «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել էր, որ «Ուժեղ Հայաստան»-ի ծրագրով պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների ընտանիքները ծառայության 1.5 տարվա ընթացքում կստանան ամսական 40 հազար դրամ աջակցություն։

 

  • Կիսվել: