Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄ
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Վաչագան Գասպարյան» ՍՊ ընկերությանը պատկանող պանրի արտադրամասում (Լոռու մարզ, գյուղ Մեծավան) իրականացված վերահսկողության շրջանակներում կատարվել է նմուշառում առկա արտադրանքից և հանձնվել լաբորատոր հետազոտության:
Փորձարկումների արդյունքում պարզվել է, որ արտադրվել է վտանգավոր սննդամթերք․ «Պանիր Լոռի 45%» արտադրատեսակի նմուշը՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով, չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ պանրի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Պանիր Լոռի 45%» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է: Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար:



