հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՀՀ կառավարությունը ներում է ԼՂ-ից տեղահանված անձանց ոսկու գրավադրմամբ վարկերը. խոսքը 1800 անձի մասին է

ՀՀ կառավարությունը ներում է ԼՂ-ից տեղահանված անձանց ոսկու գրավադրմամբ վարկերը. խոսքը 1800 անձի մասին է

Կառավարությունը հավանություն տվեց ֆիզիկական անձանց պարտավորությունները ներելու և որպես պետական ֆինանսական աջակցություն ձևակերպելու մասին որոշմանը:

«ՀՀ ԱԺ-ի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունված ՀՀ 2023 պետական բյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի որոշման հիման վրա ԼՂ կառավարության և նրա ստեղծած հիմնադրամների, ինչպես նաև ֆիզիկական անձանց նկատմամբ ՀՀ առևտրային բանկերի, վարկային և ապահովագրական կազմակերպությունների դրամական պահանջները զիջվել են ՀՀ կառավարությանը, որոնց դիմաց վերջիններիս օգտին թողարկվել են գանձապետական պարտատոմսեր: Կառավարության կողմից զիջված պարտավորությունների կազմում ներառված են ՀՀ ֆինանսական կազմակերպությունների առջև ֆիզիկական անձանց ոսկյա իրերի գրավադրման վարկային պարտավորությունները. խոսքը, մասնավորապես, շուրջ 6000 քաղաքացու մոտ 2.8 մլրդ դրամի չափով վարկային պարտավորությունների մասին է: Նախագծով առաջարկվում է ներել ոսկյա իրերի գրավադրմամբ տրամադրված սպառողական վարկերով առանձին ֆիզիկական անձանց մինչև 5 մլն դրամ գումարի չափով վարկային պարտավորությունները և հնարավորություն ստեղծել վերադարձնելու՝ հապահովումն այդ պարտավորությունների գրավադրված ոսկե իրերը: Փաստացի՝ ֆինանսական կազմակերպություններում ներկայումս շարունակվում է պահվել շուրջ 1800 քաղաքացու պարտավորությունների դիմաց գրավադրված մոտ 30 կգ քաշով շուրջ 7800 հատ ոսկյա իր: Ընդ որում՝ մոտ 2.3 մլրդ ընդհանուր մնացորդով պարտավորությունների կազմը հետևյալն է. մինչև 500 հազար դրամ վարկերը 5241 հատ են, 500 հազարից 1 մլն-ը՝ 718, 1 մլն-ից 2 մլն՝ 221 հատ, 2-2.5 մլն-ը՝ 25 հատ. 2.5-5 մլն՝ 15 հատ, և 5 մլն-ից ավելի՝ ընդամենը 5 հատ»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ Կառավարություն որոշման ընդունումից հետո որոշման շահառու հանդիսացող անձինք կարող են դիմում ներկայացնել ֆինանսների նախարարություն՝ վերջինիս հետ պարտքի ներման համաձայնագիր կնքելու համար: «Դիմումների ներկայացման կարգը և գործընթացի վերաբերյալ այլ մանրամասներ կպարզաբանվեն նախարարության պաշտոնական կայքում և լրատվամիջոցներով: Պարտքի ներման համաձայնագրերի կնքումից հետո գրավադրված ոսկյա իրերը կվերադարձվեն քաղաքացիներին»,- ասաց նախարարը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ որոշումը վերաբերում է բացառապես ԼՂ-ից բռնի տեղահանվածներին, որոնք ստացել են վարկեր ոսկու գրավադրմամբ, և այդ վարկերն անցել են Կառավարությանը: «Այդ վարկերը 2023 թվականի սեպտեմբերի դրությամբ եղած վարկերն են: Քանի որ նախորդ որոշումներով մենք այդ պարտավորությունների մի զգալի մասը վերցրինք. Կառավարությունը, ըստ էության, իրավունքները, պարտավորությունները այդ վարկային պորտֆելի ստանձնեց, սա այդ որոշման տրամաբանական շարունակությունն է»,- նշեց վարչապետը:

  • Կիսվել: