երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Կզսպվեն բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելու դեպքերը. նախագիծ

Կզսպվեն բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելու դեպքերը. նախագիծ

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ նախագիծ, որով նախատեսվում է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ կամ մեկ սռնու վրա ընկող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելու համար սահմանված պատասխանատվության միջոց 200 հազար դրամը փոխարինել և սահմանել մինչև 1 տոննա և ավել յուրաքանչյուր տոննայի համար 200 հազար դրամ:

«Այս պահի դրությամբ կարգավորումներով թույլատրելի զանգվածը գերազանցի 1, թե 5 տոննայով՝ պատասխանատվության միջոցը նույնն է, չնայած ճանապարհին հասցվող վնասն անհամեմատ տարբեր է»,- ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը:

Ակնկալվում է, որ նախագծի ընդունման դեպքում առավել կզսպվեն բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելու դեպքերը:

Նախագիծը մշակվել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից:

  • Կիսվել: