կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Կոտայքի մարզպետի պաշտոնակատարը հետևել է համայնքային ենթակառուցվածքների շինաշխատանքներին

Կոտայքի մարզպետի պաշտոնակատարը հետևել է համայնքային ենթակառուցվածքների շինաշխատանքներին

Կոտայքի մարզպետի պաշտոնակատար, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանն աշխատանքային այցի շրջանակներում մարզի Բյուրեղավան, Մայակովսկի, Կամարիս, Գեղաշեն և Ջրվեժ համայնքներում էր՝ տեղում ծանոթանալու 2020 թվականին մեկնարկած սուբվենցիոն ծրագրերին և համայնքների ղեկավարների հետ քննարկելու ընթացիկ ծրագրերն ու խնդիրները:

Բյուրեղավան համայնքում Առնակ Ավետիսյանը խորհրդականների և համայնքի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է քաղաքային պոլիկլինիկայի շինարարական հրապարակ, որտեղ կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ընթանում են վարչական շենքի և բակի հիմնանորոգման աշխատանքները:

Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայում շինաշխատանքները մեկնարկել էին դեռ անցյալ տարի: Կրկին կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակներում պոլիկլինիկայի առաջին հարկում կատարվել են թվային հետազոտության սենյակի կառուցման և ամբողջ շենքի սանհանգույցների կապիտալ վերանորոգման աշխատանքներ:

Կառավարության 2020 թվականի սուբվեցիաների շրջանակներում խոշորացված այս համայնքում ևս երեք ծրագրեր են նախատեսված, մասնավորապես՝ Բյուրեղավանում կբարեկարգվեն ճանապարհներ, Նուռնուսում կկառուցվի համայնքային կենտրոն, Ջրաբերում անցկացվելու է շուրջ 3,5 կմ երկարությամբ խմելու ջրի նոր ջրագիծ և արդիականացվելու է ներքին ցանցը:

Հաջորդիվ փոխմարզպետն այցելել է Մայակովսկի համայնքի մանկապարտեզ, որտեղ այս տարվա  սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվում են մանկապարտեզի 2-րդ մասնաշենքի, ճաշարանի և խոհանոցային հատվածների հիմնանորոգման աշխատանքներ, ինչպես նաև ամբողջովին բարեկարգվում է բակային հատվածը: 

Աշխատանքային այցի օրակարգով նախատեսված հաջորդ համայնքը Կամարիսն էր, որտեղ փոխմարզպետը ծանոթացել է այս տարվա սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվող ասֆալտապատման և խմելու ջրագծերի կառուցման աշխատանքներին:

Առնակ Ավետիսյանը նշել է, որ ներհամայնքային ճանապարհների կապիտալ ասֆալտապատման այս ծրագիրը պետություն-համայնք- մասնավոր հատված ձևաչափով համագործակցության փայլուն օրինակներից  է և այն վարակիչ պետք է լինի նաև այլ համայնքներում՝ սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերը կյանքի կոչելու նպատակով: 

Գեղաշեն համայնքում էր Առնակ Ավետիսյանի հաջորդ այցը: 

Փոխմարզպետը Գեղաշենում եղել է հիմքից կառուցվող մանկապարտեզի շինհրապարակում, որտեղ շինարարությունն արդեն ավարտին է մոտենում: Գեղաշենում Առնակ Ավետիսյանը այցելել է նաև համայնքի միջնակարգ դպրոց:

Մարզային ենթակայության դպրոցներում իրականացված ֆինանսական վերաբաշխումների արդյունքում Կոտայքի մարզպետարանի կողմից Գեղաշենի միջնակարգ դպրոցին է հատկացվել շուրջ 6,4 մլն դրամ՝ մարզադահլիճի հատակի փոխարինման և արդյունքում՝ վինիլային հատակի տեղադրման աշխատանքներ իրականացնելու համար: 

Հագեցած օրակարգով աշխատանքային այցի ավարտին Կոտայքի մարզպետի պաշտոնակատարը Ջրվեժում էր, ինչպես նաև Զովք և Ձորաղբյուր բնակավայրերում: Փոխմարզպետն այնուհետ եղել է Ձորաղբյուր բնակավայրում և ծանոթացել կրկին սուբվենցիայի շրջանակում իրականացվող ջրագծերի անհատական միացումների և ջրաչափական հանգույցների կառուցման աշխատանքներին:

Արդյունքում համայնքի շուրջ 300 տնտեսությունների կմատակարարվի որակյալ և առանց կորուստների խմելու ջուր:

Այցի ավարտին Առնակ Ավետիսյանը Ջրվեժ համայնքի ղեկավարի հետ դիտարկել է այն հատվածը, որտեղ  կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով նոր մանկապարտեզի շենք է կառուցվելու:

  • Կիսվել: