չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Կորեայի Հանրապետության կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի նախարար Կիմ Սոնգ Հվանի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կորեայի միջև շրջակա միջավայրի պահպանության, կլիմայի փոփոխության, ջրային ռեսուրսների կառավարման և կենսաբազմազանության պահպանության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
 
Նախարարը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ կլիմայի փոփոխության պայմաններում մեր երկրի համար առավել կարևոր են ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, ջրհեղեղների կանխատեսման և վաղ նախազգուշացման համակարգերի զարգացումը, գետավազանների համալիր կառավարումը, ինչպես նաև էկոհամակարգերի վերականգնումը։
 
Համբարձում Մաթևոսյանը ծանոթացել է Կորեայի Հանրապետության փորձին՝ արհեստական բանականության և թվային տեխնոլոգիաների կիրառմամբ ջրհեղեղների կանխատեսման, ջրային ռեսուրսների կառավարման և կլիմայական դիմակայունության բարձրացման ուղղությամբ։ Կողմերը համաձայնել են, որ այս ոլորտներում փորձի փոխանակումը և մասնագիտական համագործակցությունը կարող են կարևոր ներդրում ունենալ Հայաստանի կարողությունների զարգացման գործում։
 
Որպես COP17-ը նախագահող երկիր՝ նախարարը շնորհակալություն է հայտնել Կորեայի Հանրապետությանը Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի շրջանակում ցուցաբերած ակտիվ ներգրավվածության համար և հրավիրել բարձր մակարդակով մասնակցելու Երևանում կայանալիք COP17-ին։
 
Նախարարը վստահեցրել է, որ այս հանդիպումը նոր խթան կհաղորդի Հայաստան–Կորեա բնապահպանական համագործակցությանը և կնպաստի համատեղ ծրագրերի իրականացմանը՝ ի շահ կլիմայական դիմակայունության, ջրային ռեսուրսների կայուն կառավարման և կենսաբազմազանության պահպանության։

  • Կիսվել: