Կենտրոնական բանկը Դիլիջանում աշխատաժողով է անցկացրել Նոբելյան մրցանակակրի մասնակցությամբ
Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակակիր, աշխարհի առաջատար տնտեսագետներից Աբհիջիտ Բաներջին սեպտեմբերի 22-ին Տավուշի մարզի Դիլիջան առողջարանային քաղաքում մասնակցել է Հայաստանի Կենտրոնական բանկի և «J-PAL Europe»-ի համատեղ կազմակերպած «From Evidence to Policy: Building a Culture of Experimentation» աշխատաժողովին, որը նվիրված էր փաստերի և գիտական հետազոտությունների վրա հիմնված քաղաքականության մշակմանն ու իրականացմանը։
Սեմինարի ընթացքում քննարկվել են Հայաստանում փաստահեն մոտեցումների ինստիտուցիոնալացման, ինչպես նաև ՀՀ-ի հետ համագործակցությամբ «Evidence-to-Policy Lab» (Փաստերից դեպի քաղաքականություն) լաբորատորիա հիմնելու նախաձեռնության հնարավորությունները։
Միջոցառման ժամանակ ներկայացվել է Լյուքսեմբուրգի, Ֆրանսիայի և Ուզբեկստանի փորձը, որտեղ պետական քաղաքականության մշակման ու գնահատման գործընթացներում կիրառվել են փաստահեն և փորձարարական մեթոդներ։ Միջազգային փորձի ներկայացումը թույլ է տվել դիտարկել, թե ինչպես կարելի է նման մեխանիզմները ներդնել հայաստանյան իրականությունում։
Սեմինարին կհաջորդի ՀՀ Կենտրոնական բանկի և «J-PAL Europe»-ի կազմակերպած «Փորձարարական մեթոդներ» եռօրյա աշնանային դպրոցը, որի շրջանակում մասնակիցները կծանոթանան քաղաքականության գնահատման և փորձարարական հետազոտությունների գործիքակազմին։
Բաներջին 2019 թվականի տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակակիր է․ նա մրցանակը կիսել է Էսթեր Դյուֆլոյի և Մայքլ Կրեմերի հետ՝ աղքատության հաղթահարման փորձարարական մոտեցման մշակման ու հետազոտությունների համար։ Նա երկար տարիներ եղել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) տնտեսագիտության պրոֆեսոր, իսկ 2026 թվականի հուլիսից դասավանդում է Ցյուրիխի համալսարանում։
Բաներջին «J-PAL» համաշխարհային հետազոտական ցանցի համահիմնադիրն է։ Այս ցանցը համախմբում է հարյուրավոր գիտնականների և համագործակցում կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ու այլ գործընկերների հետ՝ գիտական ու փորձարարական մեթոդներով պետական քաղաքականության արդյունավետությունը գնահատելու, ինչպես նաև ստացված տվյալները որոշումների կայացման գործընթացում կիրառելու նպատակով։


