երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Կենտրոնական բանկում հյուրընկալեցին ԱՐԱՐԱՏ-73 ֆուտբոլային լեգենդար թիմի անդամներին

Կենտրոնական բանկում հյուրընկալեցին ԱՐԱՐԱՏ-73 ֆուտբոլային լեգենդար թիմի անդամներին

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը բանկի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ հանդիպեց ԱՐԱՐԱՏ-73 ֆուտբոլային լեգենդար թիմի անդամներին: Կենտրոնական բանկ էին այցելել Էդուարդ Մարկարովը, Սերգեյ Պողոսյանը, Սերգեյ Բոնդարենկոն, Նորայր Մեսրոպյանը և Արկադի Հարությունյանը:
 
 Ողջունելով հյուրերին՝ Մարտին Գալստյանը բարձր գնահատեց վերջիններիս ավանդը հայկական ֆուտբոլի հանրահռչակման գործում: Նա նշեց, որ Արարատ-73-ի տպավորիչ ելույթներն ու նվաճումները մինչ օրս ջերմ հուշեր ու հպարտության զգացմունքներ են արթնացնում ավագ սերնդի մոտ և վարակիչ օրինակ են ներկայիս սերնդի համար: Նա նշեց, որ Կենտրոնական բանկն իր դրամագիտական թողարկումների շրջանակում մշտապես անդրադառնում է հայկական արվեստի, մշակույթի, սպորտի և այլ բնագավառներում նշանակալի և պատմական ձեռքբերումներին, և այս տարի թողարկել է «Արարատ-73» ոսկե դուբլի 50-ամյա հոբելյանին նվիրված արծաթե հուշադրամներ: Կենտրոնական բանկի նախագահը հանդիպման մասնակիցներին հանձնեց այդ հուշադրամները՝ հույս հայտնելով, որ դրանք իրենց արժանի տեղը կզբաղեցնեն նրանց բազմաթիվ մրցանակների և պարգևների շարքում:
 
 Ջերմ և մտերմիկ մթնոլորտում անցած զրույցում լեգենդար ֆուտբոլիստները կիսվեցին իրենց հուշերով, հետաքրքիր դրվագներ ներկայացրին իրենց հարուստ մարզական անցյալից:
 
 Այնուհետև հյուրերը շրջայց կատարեցին բանկի Այցելուների կենտրոնում, որտեղ նրանք ծանոթացան Կենտրոնական բանկի դրամագիտական հավաքածուին:

  • Կիսվել: