«ԿԲ-ն ասում է`վարկի տոկոսը չենք իջեցնում, որ շատ վարկ չվերցնեք, պարտքի տակ չընկնեք». Մարուքյան
Հայաստանի առևտրային բանկերը, Կենտրոնական բանկի աջակցությամբ, աղքատ ժողովրդի հաշվին գերշահույթներ են դիզում։ Այս մասին նախընտրական քարոզարշավի շրջանակում ԿԲ շենքի դիմաց հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ վերջին 5 տարիների ընթացքում բարձր տոկոսադրույքների նվազեցման ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել։ Նմանատիպ նախաձեռնություն եղել է միայն 2019 թվականին, սակայն կառավարությունը մերժել է այն։
Մարուքյանը նշել է, որ «Ազատություն» ռադիոկայանի միջոցով ջրի երես է դուրս եկել կիրառվող սխեմայի մասին սարսափելի ճշմարտությունը. Կենտրոնական բանկը առևտրային բանկերին վարկ է տրամադրում 6-7 տոկոսով, իսկ վերջիններս քաղաքացիներին վարկեր են տալիս արդեն 15-20 տոկոսով։ Էլ ավելի զարհուրելի է «Ազատության» հարցմանը ԿԲ-ի տված պատասխանը։ Ինչպես ընդգծել է Մարուքյանը, պատասխանի էությունն այն է, որ ցածր տոկոսադրույքները կարող են հանգեցնել չվերադարձվող վարկերի թվի ավելացմանը։ Այս առնչությամբ քաղաքական գործիչը ժողովրդին առաջարկում է հունիսի 7-ից հետո Հայաստանում սահմանափակել տոկոսադրույքների շեմը։ ԿԲ-ն կարծում է, որ դա վնասաբեր կլինի, սակայն նմանատիպ օրինակներ առկա են նաև զարգացած երկրներում։ Մարուքյանը նաև առաջարկել է սահմանափակել պետական հատվածի և ԿԲ նախկին աշխատակիցների՝ առևտրային բանկերում աշխատելու իրավունքը, քանի որ նախկին պաշտոնյաները, տեղափոխվելով առևտրային բանկեր, հաճախ պետական համակարգում ձեռք բերած փորձն օգտագործում են հենց պետության դեմ։
Մեկ այլ խնդիր էլ քաղաքացիների անունով՝ առանց նրանց գիտության ձևակերպված վարկերն են։ «Առևտրային բանկերում վարկեր են ձևակերպում առանց մարդկանց իմացության։ Մինչ քննություն է ընթանում, գույքի վրա կալանք է դրվում, ու որևէ լուծում չկա։ Չի կարող այնպես լինել, որ առևտրային բանկի մեղքով վարկ ձևակերպվի անտեղյակ մարդու վրա։ Մի դեպքում ընդհանրապես խոսքը ծայրահեղ ցածր եկամուտ ունեցող անձի մասին էր, որին ոչ մի բանկ վարկ չէր տրամադրի»,- նշել է քաղաքական գործիչը։
«Բոլորը մտածում են միայն հարստանալու մասին։ Առևտրային բանկերում հսկայական գումարներ են բաշխվում, և ինչպե՞ս ստացվեց, որ նրանք Կենտրոնական բանկի հետ ընդհանուր լեզու գտան»,- հարցադրում է արել Մարուքյանը՝ խոստանալով ժողովրդին դառնալ նրանց ձայնն ու «մուրճը»՝ նրանց շահերը պաշտպանելու համար։
Նրա խոսքով՝ հեղափոխության ճանապարհով իշխանության եկած թիմը վաղուց սկսել է պաշտպանել կորպորատիվ շահերը և թաղված է կոռուպցիայի մեջ։ Կատարվածի մասին գիտի նաև վարչապետը, ինչի վկայությունն այն է, որ բոլոր պետական ծրագրերը փորձում են իրականացնել բանկերի միջոցով, որպեսզի վերջիններս կարողանան դրա հաշվին աշխատել։ «Մենք դեմ չենք բանկային համակարգի զարգացմանը, մենք դեմ ենք, որ աղքատ ժողովրդի հաշվին բանկերը հարստանան ու գերշահույթ ստանան»,- եզրափակել է Մարուքյանը։


