երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կառավարությունը լայն կիրառություն չունեցող հարկային արտոնությունն ուժը կորցրած ճանաչելու օրենսդրական առաջարկ է ներկայացրել

Կառավարությունը լայն կիրառություն չունեցող հարկային արտոնությունն ուժը կորցրած ճանաչելու օրենսդրական առաջարկ է ներկայացրել

Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Կառավարության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողների կողմից գործարար ծրագրի շրջանակում ստեղծված նոր աշխատատեղերի մասով հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների հանրագումարը շահութահարկի գումարից նվազեցնելու արտոնությունը:

Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Փոխնախարարը նշել է, որ հայտարարվել է քաղաքականություն՝ միտված հարկման բազայի ընդլայնմանը եւ օրենսդրությամբ սահմանված, սակայն ոչ արդյունավետ գործող հարկային արտոնությունների վերացմանը: Տեւական ժամանակ է ՀՀ ֆինանսների նախարարությունը գույքագրում է այն հարկային արտոնությունները, որոնց հետագա կիրառությունը ծախսեր-եկամուտներ վերլուծության տեսակետից չի հիմնավորվում: Հատկանշական է նաեւ այն, որ արտոնության սահմանման մոտ 10 տարիների ընթացքում այն գործնականում լայն կիրառություն չի ունեցել տնտեսվարող սուբյեկտների շրջանում (նշյալ ժամանակահատվածում արտոնությունից օգտվել է ընդամենը 4 կազմակերպություն): Փոխնախարարն այս համատեքստում բարձրացրել է տնտեսվարողների իրազեկման պակասի խնդիրը:

«Մի կողմից ունենում ենք դեպքեր, երբ տնտեսվարողները հարկային արտոնություններ են ակնկալում, մյուս կողմից էլ օրենսդրական հնարավորությունը մի քանի տարի է կա, սակայն դրանից չեն օգտվում»,- ասել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը եւ հավելել, որ սա չօգտագործվող արտոնությունը վերացնելուն վերաբերող նախագիծ է: Մեջբերելով փոխնախարար Արման Պողոսյանի՝ տնտեսվարողների պակաս իրազեկված լինելու հանգամանքը՝ Բաբկեն Թունյանն առաջարկել է հետաձգել նախաձեռնության քննարկումը: Նա հույս է հայտնել, որ այս ընթացքում տնտեսվարողները կտեղեկանան արտոնության կամ արտոնության վերացմանը վերաբերող նախագծի մասին եւ կարձագանքեն:

Որոշվել է մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգել նախագծի քննարկումը:

  • Կիսվել: