ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Ինչու՞ 2024-ի բյուջեով նախատեսված չէ կենսաթոշակների ավելացում․ պարզաբանում է Բաբկեն Թունյանը

Ինչու՞ 2024-ի բյուջեով նախատեսված չէ կենսաթոշակների ավելացում․ պարզաբանում է Բաբկեն Թունյանը

Եկող տարվա համար մեր բյուջեն նախատեսվում է մոտ 3 տրիլիոն դրամի չափով: Դրանք ծախսերն են, որ պետությունը պետք է կատարի, եկամուտները նախատեսվում են մոտավորապես 2,6 տրիլիոն դրամի չափով, մի փոքր ավելի, և դեֆիցիտը, այսինքն՝ ծախսերի և եկամուտների տարբերությունը մոտավորապես 340 միլիարդ դրամ է. դա այն գումարն է, որը պետությունն ավելի շատ է ծախսում, քան հավաքում է, և դեֆիցիտը կազմում է ՀՆԱ-ի 3,2 տոկոսը: Այս մասին Ազգային ժողովի հերթական նիստում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: 

«Իհարկե, հնարավոր է, որ ըստ անհրաժեշտության, դեֆիցիտի ծավալը ավելանա, եթե ունենանք որոշակի ծախսեր, որոնք այս պահին նախատեսված չեն, բնականաբար, կունենանք նաև դեֆիցիտի ավելացում»,- նշեց Թունյանը:

Ինչ վերաբերում է կապիտալ ծախսերին, ընդգծեց՝ մեծ ուշադրություն է դարձվում դրանց կատարմանը:

«Եկող տարվա համար պետբյուջեով նախատեսվում է կատարել մոտավորապես 700 միլիարդ դրամի կապիտալ ծախս: Համեմատության համար նշեմ, որ կապիտալ ծախսերի գումարը 2018 թվականի համեմատ ավելացել է մոտավորապես 6-7 անգամ, և հաջորդ տարի դա կազմելու է մեր ՀՆԱ-ի 6,6 տոկոսը, ինչը բավական լուրջ ցուցանիշ է»,- տեղեկացրեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է կատարողականին, նշեց՝ 2021 և 2022 թթ. Կառավարությանը հաջողվել է կապիտալ ծախսերը կատարել հաստատված պլանի 100 տոկոսից ավելի չափով, այսինքն՝ դրանք գերակատարվել են, իսկ ճշտված պլանի համեմատ՝ այդ նշաձողն ընթացքում բարձրացվել է, կատարողականը կազմել է մոտավորապես 95 տոկոսի չափով:

«Այս տարվա դրությամբ մենք ունենք կապիտալ ծախսերի ցածր կատարողական, բայց համոզված եմ՝ տարին ամփոփելուց հետո կունենանք կատարողականի բավականին բարձր մակարդակ»,- հավելեց պատգամավորը՝ ընդգծելով՝ նշաձողն ամեն տարի բարձրացվում է:

«Կառավարությունն իր հավակնություններով և ֆինանսական հնարավորություններով շատ ավելի հավակնոտ է, քան մեր մասնավոր ոլորտի պոտենցիալը»,- ընդգծեց Թունյանը:

Ինչ վերաբերում է սոցիալական ծախսերին, ասաց՝ քննադատություններ են հնչում, թե ինչու 2024-ի բյուջեով նախատեսված չէ կենսաթոշակների ավելացում, սակայն ուշադրություն հրավիրեց կարևոր հանգամանքի վրա՝ միայն սոցիալական ծախսերը ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին թոշակներ տրամադրելու և այլ աջակցության մեխանիզմներով՝ ավելացել են մի քանի տասնյակ միլիարդ դրամներով:

«Ցանկությունները, բնականաբար, մեծ են, բայց պետք է նայել բյուջեի հնարավորություններին»,- ասաց Թունյանը՝ ընդգծելով՝ բյուջեով նախատեսվել է աննախադեպ մեծ չափի պահուստային ֆոնդ՝ 94 մլրդ դրամ:

«Այսինքն՝ մեզ համար ապահովել ենք անվտանգության բարձիկ, որը մեզ կպաշտպանի անկանխատեսելի իրավիճակներից և թույլ կտա արագ լուծել մեր առջև ծառացած խնդիրները»,- ասաց պատգամավորը: 

  • Կիսվել: