Ինչպես են կեղծվում Երևանում վաճառվող կոսմետիկայի ժամկետները. Hetq.am
Գրեթե ամեն օր օգտագործում ենք դեմքի խոնավացնող քսուքներ, դիմակներ, շիճուկներ և կոսմետիկ այլ միջոցներ՝ վստահ լինելով, որ այդպիսով խնամում ենք մեր մաշկը: Բայց դրանք վատ ազդեցություն կամ հետեւանք կարող են ունենալ, եթե պիտանիության ժամկետի մեջ չլինեն։
Երևանի մի շարք խանութներում վաճառվում է ժամկետանց, կեղծված ժամկետով կամ առանց ժամկետի գործարանային մակնշման կոսմետիկա։ «Հետքն» այս բացահայտումներն արել է՝ այցելելով եւ գնումներ կատարելով «Օրիգինալ բուտիկ» (Original boutique), «Մարի» եւ «Էվա կոսմետիկս» խանութներում:
Որտեղ ինչ ենք հայտնաբերել
«Օրիգինալ բուտիկ» (Original boutique) կոսմետիկայի խանութից (Աբովյան 25, հղում) 2026 թվականի փետրվարին գնել ենք Farm Stay ապրանքանիշի խոնավացնող էմուլսիա ապրանքատեսակը։ Այս ապրանքատեսակի ժամկետը կեղծված է եղել։ Ապրանքի տարայի ներքևի հատվածում մակնշված է եղել հին ժամկետ, ըստ որի՝ պիտանիության ժամկետն անցել է երկու տարի առաջ՝ 2024 թվականին։ Այս մակնշումն, ըստ ամենայնի, փորձել են ջնջել, քանի որ այն ընթեռնելի է միայն վառ լույսի տակ ու առաջին հայացքից հնարավոր չէ նկատել։ Դրա փոխարեն նույն շշի վրա, արդեն կողքի հատվածում նոր՝ վառ սև գույնով թարմ ժամկետ է մակնշված: Ըստ երկրորդ մակնշման, ապրանքի պիտանիության ժամկետն ավարտվում է 2026 թվականի նոյեմբերի 21-ին։ «Օրիգինալ բուտիկ» խանութում առկա են եղել նույն ապրանքատեսակի և նույնատիպ «թարմ» մակնշմամբ ապրանքներ։
«Մարի» հանրախանութում այլ իրավիճակ էր: Մետրոյի «Շենգավիթ» կայարանի հարևանությամբ գտնվող «Մարի» հանրախանութում առաջին անգամ եղել ենք 2026 թվականի մարտին։ Խանութում վաճառվում էին մի շարք ապրանքատեսակներ, որոնց ժամկետն անցել էր մոտ կես տարի առաջ: Դրանք վաճառվում էին ոչ թե նոր ժամկետների մակնշմամբ, այլ հենց հին ժամկետներով: Բոլորը «Farm Stay» ապրանքանիշի ապրանքատեսակներ էին։ Դրանց մեջ առկա էին խոնավացնող քսուքներ, շիճուկներ, դեմքը մաքրող փրփուրներ, քսուքներ՝ նախատեսված միաժամանակ մաշկը բացելու, կնճիռները վերացնելու և արևից պաշտպանվելու համար։ Գրեթե երկու ամիս անց նորից այս խանութում էինք։ Նույն ապրանքների մի մասը դեռ վաճառվում էր, մյուս մասը, ենթադրաբար, վաճառվել էր։
Հարցին, թե ինչու է ժամկետանց ապրանք վաճառվում, խանութի աշխատողը պատասխանեց, որ փաթեթավորման վրա նշված ժամկետը ոչ թե պիտանիության ժամկետն է, այլ արտադրության տարեթիվը։ Մինչդեռ փաթեթավորման վրա բացակայել է որևէ այլ տարեթիվ կամ ամսաթիվ, ինչը կփաստեր պիտանիության ժամկետի մակնշման մասին։
Խանութում միաժամանակ հայտնաբերել ենք ապրանքներ, որոնք վաճառվում են առանց ակցիզային կոդի, դրոշմապիտակի կամ QR կոդի: Դեմքի համար նախատեսված դիմակի վրա նշված է եղել միայն շտրիխ կոդ: Սա նշանակում է, որ ապրանքը դուրս է մնացել հարկային վերահսկողությունից։ Նույն խանութում հայտնաբերել ենք նաև նույն բրենդի ապրանքատեսակներ, որոնց վրա ընդհանրապես ժամկետ նշված չէր: Այս ապրանքաստեսակների խմբի համար գործում էր հատուկ գին՝ 1760 դրամ արժեքով:
Հաջորդ խախտումը բացահայտել ենք «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում գտնվող «Էվա կոսմետիկս» («Eva Cosmetics») խանութում։ Այս խանութում հայտնաբերել ենք կորեական բրենդի ապրանքատեսակներ, որոնց վրա բացակայել է պիտանիության ժամկետի գործարանային կոդը։ Դրա փոխարեն հայերեն պիտակի վրա ապրանքի նկարագրության հետ միասին նշված է ժամկետ՝ «10.2027թ.»։
Վերը նշված բոլոր այն ապրանքները եղել են կորեական «Farm Stay» բրենդից: Բոլոր այս ապրանքատեսակները, որոնք վաճառվում են խախտումներով, Հայաստան է ներկրել «ՄԲՄ» ՍՊԸ-ն։ Այս ընկերությունը որոշ ապրանքատեսակների փաթեթավորման վրա ներկայացված է որպես «Farm Stay» բրենդի պաշտոնական ներկրող:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։



