Ինչ հարցեր են քննարկվել «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի հետ հանդիպմանը. Փաշինյանը մանրամասնում է
«Ռուսական երկաթուղիների» նախագահը Հայաստան է ժամանել իմ առաջարկով և իմ հրավերով, և ես իմ բացման խոսքում ասել եմ, որ մենք խնդիր չունենք ռուսական կոնցեսիայի հետ, մեր խնդիրն է, որ մեր երկաթուղին լինի մրցունակ: Այդ մասին Կառավարության՝ հոկտեմբերի 15-ի ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովի գլխավորած պատվիրակության հետ տեղի ունեցած հանդիպմանը:
«Այս նպատակին միտված մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ դրա համար ռացիոնալ ձևաչափը կոնցեսիոն կառավարան ձևաչափը փոխելն է, այսինքն՝ 3-րդ երկրներին պատվիրակելը, բայց եթե Ռուսաստանի գործընկերներն ասում են, որ իրենք գիտեն՝ ինչպես լուծեն այս հարցը, իրենք կարող են լուծումներ առաջարկել: Երեկ քննարկման արդյունքում ասել եմ՝ շա՛տ լավ, եկեք ուրեմն ձևավորենք խումբ, որը եռամսյա ժամկետում կտա հարցերի պատասխանը, թե ոնց է Հայաստանի երկաթուղին դառնալու մրցունակ, մանավանդ որ զուգահեռ պրոցեսներ են տեղի ունենում:
Իրենք ասում են՝ պատժամիջոցները դրան չեն խանգարում: Մենք կարծում ենք, որ խնդիր է դա, բայց իրենք ասում են՝ չեն խանգարում: Մենք ասել ենք, որ բարեկամական լուծում ենք ուզում, և եթե իրենք ունեն որևէ հարցի պատասխան, ապա երբեք մեր տրամադրությունը և տրամադրվածությունը չի եղել, որ այդ հարցի պատասխանը չենք լսում. սա է, ու վերջ: Այդպիսի խնդիր չկա: Բայց ես ուզում եմ, որ մենք ամբողջության մեջ նաև նայենք:
Երեկ այդ հարցը դրել եմ, որ Իջևան-Հրազդան երկաթուղու վերականգնումը ռազմավարական նպատակ է մեզ համար: Հաջորդը. Ախուրիկում սռնանիվները փոխելու կետի կառուցումը ռազմավարական նպատակ է: Գիտեք, որ երկաթուղիների ռելսերը՝ Հայաստանի, այսինքն՝ հետխորհրդային տարածքի և Եվրոպայի, տարբերվում են, դրա համար Խորհրդային միության ժամանակ դեպո է եղել, որ գնացքի ռելսերի լայնությունը, այսինքն՝ սռնանիվները, փոխում են: Հաջորդը. ռազմավարական նպատակ է Իջևան-Հրազդան երկաթուղու ճյուղը Լերմոնտովո-Ֆիալետովո հատվածում Վանաձոր-Գյումրի ճյուղին միացնելը:
Սրանք բոլորը հարցեր են, և մենք այդ հարցերի լուծման հետևից գնալու ենք, որովհետև սա է ճանապարհը: Հասկանում ենք, որ շատ բարդ խնդիր է և՛ ներդրումային առումով, և՛ տեխնիկական առումով, և՛ կազմակերպչական առումով, բայց չենք կարող ասել՝ դժվար է. դժվարություններ կան, այդ հարցերը չենք լուծում: Այդ հարցերը պետք է լուծենք՝ առավել ևս մեր բարեկամների հետ հարաբերություններում լինելով առավելագույնս բարեկամական»,- ասաց նա:



