շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հնդկաստանի ագրարային համալսարանները հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ

Հնդկաստանի ագրարային համալսարանները հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը հանդիպել է Հնդկաստանի ագրարային եւ ճարտարագիտական համալսարանների ներկայացուցիչների հետ, որոնք Հայաստան են ժամանել գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով: Պատվիրակության կազմում էր նաեւ Հնդկաստանի առեւտրատնտեսական կազմակերպության նախագահ Ասիֆ Իքբալը:

Հանդիպման սկզբում հյուրերը համառոտ ներկայացրել են Հնդկաստանի գյուղատնտեսության ներկա վիճակը, առկա ներուժը, զարգացման միտումները, կիրառվող բարձր տեխնոլոգիաներն ու ագրարային բնագավառի թվայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: 

Հայաստանի հետ փոխգործակցության հնարավոր ուղղությունների թվում պատվիրակության անդամները մասնավորապես մատնանշել են գինեգործության, էկոտուրիզմի եւ գյուղատնտեսական խորհրդատվության ոլորտները:

Երկուստեք ընդգծվել է փորձի փոխանակման կարեւորությունը  գյուղատնտեսական կրթության բարձր մակարդակի ապահովման եւ մասնագետների վերապատրաստման հարցում: Առաջարկ է հնչել ուսումնասիրել համատեղ գիտական նախագծերի մշակման հնարավորությունը, ինչը փոխշահավետ կլինի թե' հնդկական եւ թե' հայկական կողմի համար: Առանձին անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացմանը:

Զրուցակիցները  պայմանավորվել են հանգամանորեն ուսումնասիրել երկկողմ համագործակցության համար առավել նպատակահարմար ուղղությունները եւ ներկայացնել համապատասխան առաջարկներ ու դիտողություններ:

  • Կիսվել: