Հիմք չկա կարծելու, որ կառավարության` տնտեսությունը լավ մակարդակի վրա պահելու ջանքերն արդյունավետ են եղել. Menu.am-ի հիմնադիր
Menu.am-ի հիմնադիր Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երկրում տնտեսական խնդիրներին և կառավարության գործունեությանը։
Նա, մասնավորապես, գրել է․
«Երեկ վարչապետը ընդարձակ գրառում արեց այն մասին, որ նաև կառավարության ջանքերի շնորհիվ ըստ պաշտոնական տվյալների Հայաստանի Հանրապետության աշխատակիցների աշխատավարձային ֆոնդը աճել է 10%-ով` 117 մլրդից հասնելով 127 մլրդի։
Սպառողական գների վերջին երեք ամիսների գահավիժումը (-0.1% մայիսին, -1.4% հունիսին և -2.1% հուլիսին) ցույց է տալիս այն, որ պաշտոնական աշխատավարձային թվերը դեռևս շատ հեռու են որևէ բանի հիմք հանդիսանալու համար։ Իրականում, գների և սպառման նման սրընթաց անկումը շատ մտահոգիչ է, այն խոսում է բնակչության ռեալ եկամուտների կտրուկ կրճատման, տնտեսությունում փողի բացակայության մասին։ Իրավիճակը կրկնակի վտանգավոր է, եթե հաշվի առնենք նաև մեր հարևան երկրներում (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա, Իրան) գնաճի առնվազն 3-10% մակարդակը տարվա կտրվածքով, որը Հայաստանի պարագայում ևս բացասական է։
Միացրեք փող տպելու մեքենան, պարոնայք»: