հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ-ում ընդհանուր գնաճային միջավայրն աստիճանաբար մեղմվում է

ՀՀ-ում ընդհանուր գնաճային միջավայրն աստիճանաբար մեղմվում է

«2023 թվականի հունվարի 31-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 10.75 տոկոս,- այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Ըստ ԿԲ նախագահի՝ 2022 թվականի դեկտեմբերին 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել և տարեվերջին կազմել է 8.3 տոկոս, 12-ամսյա բնականոն գնաճը նույնպես նվազել է՝ կազմելով 9.5 տոկոս. «2022 թվականի վերջին համաշխարհային և Հայաստանի Հանրապետության հիմնական գործընկեր երկրների տնտեսական ակտիվության դանդաղումը շարունակվել է, համաշխարհային գնաճը ևս նվազում է՝ պայմանավորված որոշ հումքային և պարենային ապրանքների գների նվազմամբ, այնուամենայնիվ հարաբերականորեն ընդլայնված պահանջարկը նպաստում է գնաճային միջավայրի պահպանմանը: Զարգացած երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում դեռևս կշարունակեն խստացնել դրամավարկային պայմանները, դա կնպաստի համաշխարհային պահանջարկի թուլացմանը և միջազգային ապրանքահումքային շուկայում գների որոշակի ճշգրտմանը: Արդյունքում համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա ակնկալում ենք գնաճային ազդեցությունների թուլացում»:

Մարտին Գալստյանը նշեց, որ 2022 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում բարձր ակտիվությունը պահպանվել է, որին շարունակել է նպաստել ծառայությունների ոլորտում ձևավորված արտաքին բարձր պահանջարկը. «Միաժամանակ պահպանվել են արտահանման և ՀՆԱ-ի ներուժի ավելացման դրական միտումները՝ ծառայությունների և արդյունաբերության ճյուղերում: Իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության, դրամի աժևորման և արտաքին հատվածից գնաճային ազդեցության թուլացման արդյունքում ՀՀ-ում ընդհանուր գնաճային միջավայրն աստիճանաբար մեղմվում է: Այնուամենայնիվ, բարձր պահանջարկը դեռևս պահպանվում է աշխատուժի շուկայում և նպաստում աշխատավարձերի և առանձին ապրանքների և ծառայությունների գների աճին: Կենտրոնական բանկի խորհուրդը նպատակահարմար է գտնում ներկայումս քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, խորհուրդը հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու գների կայունացում և չեզոքացնելու գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ: Դրամավակային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և 2023 թվականի երկրորդ կեսից կկայունանա նպատակային 4 տոկոս ցուցանիշի շուրջ:  Կենտրոնական բանկի խորհուրդը գնահատում է, որ նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են, ռիսկերի որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում՝ խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը»:

  • Կիսվել: