Հայաստանը նոր ատոմակայանի կառուցման հարցով շարունակում է բանակցությունները տարբեր երկրների հետ. Փաշինյան
Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հարցով շարունակվում են բանակցությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսատանի, Ֆրանսիայի, Չինաստանի և Հարավային Կորեայի հետ: Այս մասին Նյու Յորքում «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկման ընթացքում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ատոմակայան ունենք, որը խորհրդային ժամանակներում է կառուցվել և այդ ատոմակայանի շահագործման ժամկետը մոտենում է ավարտին։ Ներկայում մենք որոշում ենք կայացնում հաջորդ ատոմակայանի մասին: Այս առումով մենք բանակցում ենք տարբեր գործընկերների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Չինաստանի, Հարավային Կորեայի հետ, և փնտրում ենք լավագույն առաջարկը, որ տանք նոր ատոմակայանի շինարարության մեկնարկը»,- նշել է Փաշինյանը:
Էներգետիկ ոլորտի թեման շարունակելով՝ վարչապետը հավելել է, որ նոր տեխնոլոգիաների ներդրման պարագայում, Հայաստանը լավ հնարավորություն ունի էներգետիկայի առումով ինքնաբավ լինելու:
«Քանի որ արևային մի քանի ռեսուրս ունենք և արևային արտադրության հզորություններ ունենք, որոնք արագորեն զարգանում են, հիմա ամենակարևոր թեման մեզ համար կուտակման կարողություններ ձևավորելն է: Հիմա մեզ անհրաժեշտ է մեծ ծավալի կուտակիչ կարողություն, այդ ուղղությամբ մենք աշխատում ենք»,- ասել է վարչապետը:



