Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը․ ԲՏԱ նախարար
Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԲՏԱ նախարար Դավիթ Թադևոսյանը:
«Արհեստական բանականությունը հասարակության յուրաքանչյուր անդամի և կազմակերպությունների ներուժը բազմապատկող գործիքաշար է։ Հայաստանը ունի ամուր դիրքեր, ամեն դեպքում ունի գրավչություն, ունի հիմք, թե ինչից խոսել և ինչպես խոսել պոտենցիալ ներդրողների և էկոհամակարգի այլ մասնակիցների հետ։ Ինչ վերաբերում է մեր մրցակցային առավելություններին, ապա մրցակցությունը միշտ մրցավազք է, և հիմա թե էներգետիկայի, թե պոտենցիալի, և թե արդեն իսկ գոյություն ունեցող կազմակերպությունների մասով՝ մենք ունենք առավելություն, և մասնավորապես մեր գերատեսչությունը ջանքեր չի խնայել, որպեսզի այդ մրցավազքը պահենք:
Ինչպես ես, այնպես էլ մեր նախարարության յուրաքանչյուր անդամ մոտիվացված է այնպես անել, որ Հայաստանը լինի և շարունակի մնալ մրցակցային՝ իր առավելություններով հանդերձ։ Ցանկացած բարդ տեխնոլոգիայում անհնար է կայացնել և առաջխաղացում ունենալ առանց սերտ ինտեգրման: Հայաստանը այստեղ բացառություն չէ, այնպես որ էկոհամակարգի կառուցման ոլորտում ու բնագավառում մենք ներգրավելու ենք արտասահմանյան գործընկերների: Կառավարությունը ծրագիր ունի միգրանտների խրախուսման, բայց ամեն ինչ արվում է մեկ նպատակով, որպեսզի ստեղծված ավելացված արժեքը ձևավորվի և մնա Հայաստանում, դա անշուշտ նշանակում է, որ ժամանակի ընթացքում մենք կաշխատենք և կցանկանանք տեսնել և մասնագիտական, և գիտական ներուժի աճ Հայաստանում»,- նշել է նա:



