Հայաստանում մշակող արդյունաբերությունն էապես աճել է, հանքարդյունաբերությունը՝ նվազել
Հայաստանում մշակող արդյունաբերությունը 2022 թվականին աճել է, ՀՆԱ-ի կառուցվածքում այն կազմել է շուրջ 12 տոկոս: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ-ում՝ «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման շրջանակում:
«2022 թվականին Հայաստանում մշակող արդյունաբերությունն էապես աճել է և թողարկման ծավալը 13.5 տոկոսով ավելացել է՝ կազմելով 1.8 տրլն դրամ, փոխարենը մի փոքր նվազել է հանքարդյունաբերությունը»,-ասաց Քերոբյանը:
Նախարարի վստահեցմամբ՝ դա կառավարության՝ տրամաբանորեն գծված պլանների շրջանակներում է, քանի որ կառավարության միջոցառումների ծրագրով նախանշվել է էապես ավելացնել մշակող արդյունաբերության դերը համախառն ներքին արդյունքում՝ թիրախը սահմանվելով 15 տոկոս: «Այժմ գտնվում են 12 տոկոսի միջակայքում: Կարծում եմ, որ այսպիսի էական աճը լավ քայլ է մեր նպատակին հասնելու ճանապարհին»,-եզրափակեց նախարարը: