ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայաստանում գյուտերի Եվրասիական արտոնագիր ստանալու հայտերի աննախադեպ աճ է գրանցվել

Հայաստանում գյուտերի Եվրասիական արտոնագիր ստանալու հայտերի աննախադեպ աճ է գրանցվել

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակի միջոցով գյուտերի Եվրասիական արտոնագիր ստանալու համար վերջին 20 տարիների համեմատ անցած տարի աննախադեպ՝ 11 հայտ է ներկայացվել։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց գրասենյակի Գյուտերի և արդյունաբերական դիզայնների փորձաքննության բաժնի պետ Ավետիս Պերյանը՝ նշելով, որ մինչ այդ Եվրասիական արտոնագրերի հայտերի քանակը սովորաբար տարեկան 1-3 էր լինում։

«Ավելի քան 20 տարի է` այս ոլորտում եմ, պրակտիկայում չեմ հիշում նման քանակությամբ հայտեր։ Իհարկե, այստեղ  իր դերը խաղացել է այն, որ 1 հայտատու 6-7 հայտ է միանգամից ներկայացրել։ Շատ քանակությամբ հայտերը վերաբերում էին հացաբուլկեղենի տարբեր սարքավորումներին՝ բլիթների, լավաշների արտադրության հոսքագծեր էին։ Կոնկրետ այդ հայտատուն այստեղ արտադրում է այդ հոսքագծերը և վաճառում ԱՊՀ երկրներում, որտեղ արտոնագիրը գործող է համարվում»,-ասաց Պերյանը՝ հավելելով, որ հայտատուի ներկայացուցչի ներկայացմամբ՝ հոսքագծերն այդ երկրներում լավ պահանջարկ ունեն։

Ընդհանուր առմամբ 2023 թվականի վերջի դրությամբ Հայաստանում գործել է 7324 Եվրասիական արտոնագիր։

Բացի այդ, ամեն տարի հայտեր են ստացվում արտասահմանյան տարբեր երկրներից, առավել հաճախ՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, իսկ մնացած երկրների շարքն անընդհատ փոփոխվում է։ Եղել են տարիներ, որ Գրասենյակը Թայվանից է գյուտի արտոնագիր ստանալու հայտեր ստացել  կոշիկի տարատեսակ տակացուների վերաբերյալ։

Ինչ վերաբերում է անցած տարվա ընդհանուր ցուցանիշներին, ապա, ըստ Պերյանի՝  Գրասենյակ ներկայացվել է  112 հայտ՝ 22 գյուտի և 90 կարճաժամկետ գյուտերի արտոնագրեր ստանալու համար։

Մասնավորապես՝ գյուտի արտոնագիր ստանալու հայտերից 11-ը ստացվել է ազգային, իսկ մյուսները՝ օտարերկրյա հայտատուներից։

«Հայտերի 51,79 տոկոսը ներկայացրել են ֆիզիկական անձինք, 48,21 տոկոսը՝ իրավաբանական, այդ թվում՝ առևտրային կազմակերպություններ՝ մոտ 19 տոկոս, և բուհեր կամ գիտական հաստատություններ՝ մոտ 30 տոկոս։ Այդ հարաբերակցությունը 2022 թվականի համեմատ գրեթե նույնն է մնացել»,-հայտնեց նա՝ համեմատության համար նշելով, որ միջազգային չափորոշիչներով մեծամասամբ հայտեր ներկայացնում են իրավաբանական անձինք, քանի որ նրանք կարող են որևէ բնագավառում ներդնել այդ գյուտը։

Պերյանն ընդգծեց, որ Հայաստանում գյուտերի արտոնագրման համար զեղչային համակարգ է նախատեսված տարբեր հայտատուների համար։ Մասնավորապես, ֆիզիկական անձինք օգտվում են պետական տուրքի 75 տոկոս զեղչից, ուստի շատերը թեկուզ իրավաբանական անձինք են, բայց գերադասում են որպես ֆիզիկական անձ ներկայացնել հայտը։

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ հետաքրքրություն ունեն արտասահմանցի հայտատուները Հայաստանում գյուտերի արտոնագրեր ստանալու առումով,  բաժնի պետը նախ ներկայացրեց, որ, օրինակ, միջազգային ընթացակարգով Հայաստանում անցած որոշ հայտեր վերաբերել են ատոմային էներգետիկայի բնագավառին՝ տարբեր թափոնների մշակմանը, տեղափոխմանը և այլն․ տեսնելով, որ Հայաստանում գործում է ատոմակայան՝ հայտ են ներկայացնում։

«Նույն կերպ կարող են ներկայացնել նաև այն ոլորտների վերաբերյալ, որոնք Հայաստանում զարգացած են»,-ասաց  Պերյանը։  

Անցած տարի գյուտերի արտոնագրման համար ստացված հայտերի բաշխվածությունն ըստ տեխնիկայի բնագավառի հետևյալն է՝  20,54 տոկոսը վերաբերել է սննդամթերքի և ծխախոտի բնագավառին, իսկ երկրորդ և երրորդ տեղերում՝ բժշկության ու անասնաբուժության,  դեղերի և դեղամիջոցների ոլորտներն էին։

Դրանք տարբեր տեխնոլոգիաներ են, օրինակ՝ գինու, խմիչքի, սննդատեսակի ստացման եղանակներ, իսկ դեղերի դեպքում՝ այրվածքների դեմ  քսուքներ, տարբեր հիվանդությունների բուժման եղանակներ։

Մյուս հայտերը՝ թվով ավելի պակաս,  շինարարությանը, չափման և օպտիկային, տրանսպորտին, գյուղատնտեսությանը, էլեկտրական տեխնիկային կենսաքիմիային վերաբերող գյուտեր են եղել։

Ընդհանուր նշված ժամանակահատվածում տրվել է 83 արտոնագիր, նախորդ տարվա  97-ի փոխարեն, իսկ մերժված հայտերի քանակը կազմել է 2, հետ կանչվածներինը՝ 26։

«Մերժումները պայմանավորված են լինում գյուտի համար սահմանված արտոնագրության պայմաններին անհամապատասխանությամբ, այսինքն՝ նոր չեն, չունեն գիտական մակարդակ կամ արդյունաբերության մեջ կիրառելի չեն,  օրինակ՝ հավերժական շարժիչ է»,-պարզաբանեց Պերյանը։

Նրա տեղեկատվությամբ՝ այս տարի արդեն մոտ 10 հայտ է ստացվել, որից 3-ը պատուհանների շրջանակների կառուցվածքների, մի քանիսը սննդի ոլորտի վերաբերյալ և այլն։

Մտավոր սեփականության գրասենյակի Գյուտերի և արդյունաբերական դիզայնների փորձաքննության բաժնի պետը կարևորեց նոր գյուտի, նորարարության դեպքում արտոնագրումը՝ հեղինակային իրավունքների պաշտպանության,  հետագայում երրորդ անձանց կողմից անօրինական օգտագործումը արգելելու, բացի այդ, ավելի վստահ ներդրումներ կատարելու և գործընկերներ գտնելու համար։

  • Կիսվել: