Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի արտահանման արգելքը առեւտրային խոչընդոտ է․ Քերոբյան
Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի արտահանման արգելքը առեւտրային խոչընդոտ է։ Այս մասին ապրիլի 12-ին Ազգային ժողովում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Հայկական կողմը, նրա խոսքով, ձգտում է հասնել այդ որոշման չեղարկմանը։
«Մեր կարծիքով՝ նման որոշում չէր կարող ընդունվել ԵԱՏՄ կարգավորումների շրջանակներում»,-ասաց Քերոբյանը՝ նկատի ունենալով ԵԱՏՄ-ի ներսում ապրանքների ազատ տեղաշարժի եւ սանիտարական վերահսկողության միասնական նորմերի ճանաչման սկզբունքը։
Նախարարը, մասնավորապես, նշեց, որ ռուսական կողմի հետ քննարկումներ են ընթանում նշված արգելքների շուտափույթ վերացման շուրջ։ Ընդ որում՝ կամ ամբողջությամբ կամ մասամբ։
«Հնարավոր է, որ մոտ ապագայում, այնուամենայնիվ, մեզ հաջողվի արդյունքի հասնել»,-հավելեց նա։
Միաժամանակ, Հայաստանը պատրաստվում է ուժեղացնել վերահսկողությունը սննդամթերքի անվտանգության նկատմամբ։ Տեղական արտադրողներից արդեն պահանջել են իրենց արտադրական գործընթացները համապատասխանեցնել գործող ստանդարտներին։
«Սակայն, ինչպես ցույց են տալիս ստուգումները, այդ կանոնները միշտ չէ, որ պահպանվում են»,-նշեց նախարարը:
Այս առումով նա խոստացավ ուժեղացնել ողջ արտադրական շղթայի վերահսկողությունը եւ պատրաստել անհրաժեշտ օրինագծեր։ Դրանք, ըստ Քերոբյանի, պետք է փոխեն սննդամթերքի անվտանգության մակարդակը։