ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ԵԱՏՄ-ում Հայաստանը պոտենցիալ է տեսնում. Փաշինյան

ԵԱՏՄ-ում Հայաստանը պոտենցիալ է տեսնում. Փաշինյան

Հայաստանը ոչ միայն չի պատրաստվում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, այլ մտադիր է օգտագործել կառույցում իր ներգրավվածությունն ու լծակները՝ երկրի տնտեսական շահերը պաշտպանելու համար։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է նաև արտահանման և ներմուծման ուղղությունների դիվերսիֆիկացման քաղաքականությունը։

«Մենք ասում ենք, որ Եվրասիական տնտեսական միությունից ոչ միայն չենք պատրաստվում դուրս գալ, այլև պատրաստվում ենք մեր լծակներն օգտագործել և մեր ներգրավվածությունն օգտագործել մեր երկրի տնտեսական շահերը պաշտպանելու համար»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ արտահանման և ներմուծման ուղղությունների դիվերսիֆիկացումը նոր գործընթաց չէ, և արդեն տարբեր ուղղություններով առևտրաշրջանառության աճ է արձանագրվում։

Փաշինյանը նշել է, որ Հայաստանի արտահանման համար բացվել է նաև Ախալքալաք-Կարս երկաթուղին։

«Շատ ուրախ եմ, որ Ախալքալաք-Կարս երկաթուղին է բացվել Հայաստանի արտահանումների համար, և առաջիկայում բիզնես պատվիրակություններ են գնալու՝ այդ երկաթգծով հնարավոր շուկաները ուսումնասիրելու»,- ասել է նա՝ հավելելով, որ արդեն կան գործընկերների հրավերներ։

Վարչապետի խոսքով՝ ԵԱՏՄ-ի ներուժը դեռ ամբողջությամբ օգտագործված չէ, մասնավորապես՝ Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունները Ղազախստանի և Ղրղզստանի հետ սահմանափակ են։

«Երկաթուղու բացմամբ Ադրբեջանի միջով Հայաստանի և Ղազախստանի, Հայաստանի և Ղրղզստանի առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու մեծ պոտենցիալ է ձևավորվել»,- նշել է Փաշինյանը։

Նա հիշեցրել է, որ երկաթուղու առաջին գործարկմանը զուգահեռ Հայաստանը նաև Ղազախստանից հացահատիկի ներմուծման գործարք է կնքել։

«ԵԱՏՄ-ում մենք պոտենցիալ ենք տեսնում և առանց նյարդի, գործընկերային, հանդարտ աշխատելու ենք, բոլոր հարցերը լուծենք»,- ասել է վարչապետը։

 

  • Կիսվել: