Հայաստանի Հանրապետությունը ձեր կողքին կանգնած է. Փաշինյանն Ապարանում խոսել է առողջության ապահովագրության ծրագրի մասին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը շարունակում է Արագածոտնի մարզում։
Ապարան խոշորացված համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ արձակուրդում գտնվող վարչապետ, կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը խոսել է համայնքում իրականացված ծրագրերի, առողջության ապահովագրության և կենսաթոշակների բարձրացման մասին։
Փաշինյանի խոսքով՝ Ապարան խոշորացված համայնքում ՀՀ կառավարության և համայնքի համատեղ ջանքերով իրականացվել են շուրջ 2,4 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրեր։
«Ապարան խոշորացված համայնքում մենք շուրջ 2․4 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրեր ենք իրականացրել համայնքի հետ համատեղ, որտեղ ֆինանսավորման մոտավորապես 45 տոկոսն իրականացրել է կառավարությունը»,-նշել է նա։
Վարչապետը հայտարարել է, որ կառավարության և համայնքի համագործակցության արդյունքում Ապարանը տեսանելիորեն փոխվում է։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում ընդունված սոցիալական որոշումներին՝ առանձնացնելով առողջության ապահովագրության համակարգի ներդրումը և կենսաթոշակների բարձրացումը։
«Մենք էս ընտրությունների նախընտրական քարոզարշավ մտնում ենք մի քանի կարևոր որոշումով։ Դրանցից ամենալավը՝ առողջության ապահովագրության համակարգի ներդրումն է և կենսաթոշակառուների թոշակների բարձրացումը»,- ասել է նա։
Փաշինյանի խոսքով՝ առողջության ապահովագրության ծրագրից արդեն օգտվում են 65 տարեկանից բարձր քաղաքացիները և մինչև 18 տարեկան երեխաները։
Նա նշել է, որ ծրագրի շնորհիվ ապահովագրված քաղաքացիները հիվանդանոցի դռներին չեն մնում։
«2018 թվականին ես ասում էի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հիվանդանոցի դռներին պետք է չմնա, և այսօր առողջության ապահովագրության համակարգի մեջ ներառված քաղաքացիներից որևէ մեկը հիվանդանոցի դռներին չի մնում»,-ընդգծել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ ծրագիրը կարևոր է նաև ընտանիքների համար, քանի որ տարեց ծնողների առողջական խնդիրները մշտական անհանգստություն են առաջացնում քաղաքացիների մոտ։
«Ես ձեզ եկել եմ ասելու՝ դուք այդ հարցը լուծելու եք հետևյալ կերպ։ Ձեր պետությունը, Հայաստանի Հանրապետությունը ձեր կողքին կանգնած է»,-հայտարարել է նա։


