ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստան-Վրաստան առեւտրաշրջանառությունն անցյալ տարվա համեմատ աճել է 97 տոկոսով. Փաշինյան

Հայաստան-Վրաստան առեւտրաշրջանառությունն անցյալ տարվա համեմատ աճել է 97 տոկոսով. Փաշինյան

Աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային բարդ իրավիճակում հայ-վրացական առեւտրատնտեսական հարաբերություններում ակնառու աճ է արձանագրվել։ Այսօր հայ-վրացական սահմանին «Բարեկամության» կամրջի պաշտոնական բացման արարողության ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա ընթացքում 97 տոկոսով աճել է երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը։

Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ այդ ցուցանիշը շարունակական ու հետեւողական աշխատանքի արդյունք է։

«Հայ-վրացական առեւտրատնտեսական հարաբերություններն ունեն ավելի մեծ ներուժ, եւ մեր աշխատանքով պետք է կարողանանք այդ ներուժը օգտագործել։ Համագործակցության խորացման լուրջ հնարավորություններ կան արդյունաբերության, գյուղատնտեսության, դեղագործության, տեղեկատվության եւ կապի, տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում»,-ասաց Փաշինյանը։

Հարաբերությունների հետագա զարգացման համար վարչապետը կարեւորեց հաղորդակցության, տրանսպորտային ուղիների բարելավումը։

«Ընդհանուր արժեքների եւ պատմական ժառանգության վրա խարսխված մեր երկու երկրների դարավոր կապերն ունեն նման արդիական ու ժամանակից պահանջներին համահունչ կարեւոր ենթակառուցվածքի կարիք, որն ամուր հիմք է ստեղծում հետագա ծավալուն համագործակցության համար»,-ասաց Փաշինյանը` խոսելով նորակառույց կամրջի կարեւորության մասին։

«Բարեկամության» կամրջի պաշտոնական բացման արարողությանն այսօր մասնակցել են երկու երկրների վարչապետները` Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին։ Կառավարության ղեկավարները հանդես են ելույթներով։     

  • Կիսվել: